ԹԵԺ ԳԻԾ
Շարունակվում են գնումների գործընթացը համակարգողների համար դասընթաց-վերապատրաստումները
29.08.2017
Շարունակվում են գնումների գործընթացը համակարգողների համար դասընթաց-վերապատրաստումները

Օգոստոսի 28-ից վերսկսել են «Պետական գնումների գործընթացը, նոր իրավակարգավորումներ» թեմայով հերթական դասընթաց-վերապատրաստումները, որոնք կազմակերպվել են պետական կազմակերպությունների գնումների գործընթացը համակարգողների համար:

Վերապատրաստման նպատակն է գնումների համակարգողներին ներկայացնել գնումների նոր օրենսդրությամբ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները, իրականացված բարեփոխումները:

Դասընթացի առաջին օրը մասնակիցներին ներկայացվել է նոր իրավական շրջանակը, մասնավորապես, գնումների նախապատրաստման, մասնակցելու իրավունքի և որակավորման չափանիշները, գնումների ընթացակարգերի կիրառման պայմանները:

Դասընթացի երկրորդ օրը գործնական օրինակներով ներկայացվել են առցանց գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման մանրամասները, ինչպես նաև գնումների հաշվետվողականության էլեկտրոնային համակարգի առանձնահատկությունները: Գնումների համակարգողներին ցույց է տրվել նաև էլեկտրոնային գնումների armeps.am համակարգում գրանցումը, համակարգի միջոցով գնման ընթացակարգի հայտարարումը, հայտերի ստացումը, բացումը, գնահատումը, տրվել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերի պարզաբանումները:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող նման դասընթաց-վերապատրաստումները նպատակ ունեն բարձրացնել  գնումների ընթացակարգերի թափանցիկությունը և հրապարակայնությունը, հետևաբար նաև հասարակության կողմից վերահսկողության աստիճանը, սահմանափակել գնման գործընթացներում սուբյեկտիվ որոշումների կայացումը և ոչ լավագույն առաջարկի ընտրությունը: Մինչ տարվա ավարտը ավելի քան 1000 մասնագետ կմասնակցի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող դասընթացներին: Դասընթացներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ և միջոցների հաշվին: