Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
30.10.2017
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Հոկտեմբերի 30-ից ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։ Երկու շաբաթվա ընթացքում հանձնաժողովներում կքննարկվեն երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի բոլոր դրույթները, կներկայացնեն առաջարկներ, որոնց էլ անդրադարձ կկատարվի խորհրդարանական նստաշրջանի ընթացքում։
 Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է  2018 թ.-ի պետական բյուջեի նախագծի հիմնական նպատակները և հույս հայտնել, որ  նախագծի քննարկումներն արդյունավետ կլինեն։
«Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 թվականի համար»,- նշել է վարչապետը։
 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ընդգծել է, որ 2018 թվականի բյուջեն փորձ է արվել նախագծել մեկ ընդհանուր կանոնով․ ապահովել կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ։
Անդրադառնալով 2017 թ. տնտեսական աճի ցուցանիշներին՝ Արամյանն ասել է, որ 9 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.1 տոկոս, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ տարվա կտրվածքով կարձանագրվի 4-4.3 տոկոս տնտեսական աճ: Նախարարը հիշեցրել է, որ 2017 թ. բյուջեով կառավարությունը կանխատեսել էր 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն աճն ավելի բարձր է լինելու։ Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա, ըստ նախարարի, ակնկալվում է, որ տնտեսական աճը կլինի 4.5 տոկոսի շրջանակներում։
«Եթե մենք ցանկանում ենք պերմանենտ լուծումներ տալ տարբեր տեսակի, այդ թվում՝ սոցիալական բնույթի խնդիրներին, մեզ համար կարևոր է, որպեսզի ունենանք կայուն և բարձր տնտեսական աճ: Մենք պետք է հավակնենք 5, ոչ թե 3 տոկոսանոց տնտեսական աճի: 3 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն չի ընձեռում մեր առջև ծառացած խնդիրները կայուն կերպով լուծելու»,- նշել է նա և ավելացրել, որ բարձր տնտեսական աճ ապահովելու համար պետք է առաջին հերթին խթանել ենթակառուցվածքների զարգացումը․ 2018 թ. պետական բյուջեով տնտեսական բլոկին ուղղված հիմնական կապիտալ ծախսերը գնալու են երեք ուղղությամբ՝ ճանապարհաշինություն-տրանսպորտ, ջրային տնտեսություն և էներգետիկա։
«Իրականում, եթե մենք հավակնում ենք բարձր տնտեսական աճի, ենթակառուցվածքները պետք է այդ հնարավորությունը տան: Օրինակ, եթե մենք ոռոգման համակարգերի մասով որևէ գործողություն չանենք և դրանք մնան այսպիսի անմխիթար վիճակում, ջրի կորուստները բարձր լինեն, անջրդի հողերը՝ շատ, որքան ուզում է կառավարությունն այլ գործիքներով սուբսիդավորել գյուղատնտեսությունը, դրա արդյունքը չի մեծանա: Որպեսզի արդյունքը լինի առավելագույն, նախ պետք է ենթակառուցվածքների ներդրում կատարել»,- ասել է Արամյանը։
Նախարարը շեշտել է, որ տարբեր տնտեսական ցիկլերում հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի խելամիտ, իսկ այդ խելամտությունը բխում է նրանից, որ այն մշտապես պետք է լինի տնտեսական աճը խթանող գործոն։ «Հակառակ պարագայում մենք ունենում ենք խնդիրներ և՛ միջնաժամկետ, և՛ երկարաժամկետ հատվածում»-ընդգծել է նա։
Ըստ նախարարի՝ 2018 թ․-ին նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 307 միլիարդ ընդհանուր եկամուտ, իրականացնել՝ 1 տրիլիոն 464 միլիարդի ծախսեր, պակասուրդը կկազմի՝ շուրջ 157 միլիարդ դրամ։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տնտեսական կայուն աճի համար կարևորել է նաև պետական պարտքի կայունացումը: Նրա խոսքով՝ կառավարությունը փորձել է ներկայացնել այնպիսի բյուջե, որը 2018թ. հնարավորություն է ընձեռում պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով նվազեցնել:
 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)