ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
31.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Քննարկումներին ներկա են գտնվել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ նախարարներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ և համապատասխան ոլորտների պատասխանատուներ:
Քննարկումները մեկնարկել են գալիք տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների ու ծախսերի, արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներին, սակագնային քաղաքականությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի կոմիտեի, քաղաքաշինության ու ջրային տնտեսության ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումների վերաբերյալ զեկույցներով:
Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2018 թվականին նախատեսվում է ունենալ 1 տրիլիոն 307 մլրդ դրամ եկամուտների մակարդակ: Նա ներկայացրել է վերոնշյալ ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները: Մասնավորապես, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը 16 ծրագրերի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 22 մլն դրամ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը գալիք տարում կհատկացվի 87,1 մլրդ դրամ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2018 թվականին կհատկացվի 52,6 մլրդ դրամ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կհատկացվի 810,4 մլն դրամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կհատկացվի 313,3 մլն դրամ:
3,7 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, 3,8 մլրդ դրամ՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին, 37,4 մլն դրամ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:
Զեկույցից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարարը պատասխանել է հնչեցված բազմաբնույթ հարցերին:
Համապատասխան ոլորտների պատասխանատու պաշտոնյաները անդրադարձել են այդ ոլորտներում իրականացվելիք ծրագրերին, վարվող քաղաքականությանը, ներկայացրել ընթացիկ տարվա ինն ամիսների ցուցանիշները, պատասխանել պատգամավորների հարցերին:
«Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կշարունակվեն նոյեմբերի 1-ին: