ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մասնակցել է Մոսկվայի ֆինանսական ֆորումին
09.09.2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մասնակցել է Մոսկվայի ֆինանսական ֆորումին

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հրավերով մասնակցել է Մոսկվայում անցկացվող ամենամյա ֆինանսական ֆորումին:

Մոսկվայի ֆինանսական ֆորումի հիմնական թեման էր «XXI դարի մրցունակ տնտեսության ֆինանսական համակարգը. մարտահրավերներ և լուծումներ»։ Այն նվիրված էր ՌԴ ֆինանսների նախարարության 215-ամյակին և Մոսկվայի 870-ամյակին:

Ֆորումը միտված է համախմբել իշխանության ներկայացուցիչներին, միջազգային մակարդակի մասնագիտական և փորձագիտական ​​հանրությանը, բիզնես ոլորտի ներկայացուցիչներին  և կառուցողական ու բաց քննարկումների միջոցով որոշել Ռուսաստանի տնտեսական զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները:

Մոսկվայի ֆինանսական ֆորումի ընթացքում քննարկվել են բյուջեի, պետության հարկային և պարտքի քաղաքականության, միջկառավարական հարաբերությունների հեռանկարների, մարդկային կապիտալի և աղքատության, ստվերային հատվածի խնդիրները, ինչպես նաև  նավթի գների անկայունությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել պետական կառավարման որակի բարելավմանը, պետական վերահսկողության և  պետական գնումների համակարգի զարգացմանը:

Ֆորումի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը  հանդիպել է նաև ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր: