ԹԵԺ ԳԻԾ
Ջանոյան Ջանիկ

20.06.1975թ.-18.09.1990թ.

18.09.1990թ.-16.02.1993թ.

Ջանոյան Ջանիկ Արտաշեսի (1928-2010)

Ջանիկ Ջանոյանը ծնվել է 1928թ. հոկտեմբերի 20-ին Հայկական ԽՍՀ Ղուկասյանի շրջանի Վարդաղբյուր գյուղում: 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1951-56թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո 1956-58թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ ֆինանսների նախարարությունում: 1958-69թթ. պաշտոնավարել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի աշխատակազմում, ռեֆերենտից հասնելով մինչև խմբի ղեկավար: 1969-75թթ. եղել է Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի բնակչության կենցաղային սպասարկման, նյութատեխնիկական մատակարարման և առևտրի բաժնի վարիչ: 1975թ. Ջ. Ջանոյանը նշանակվում է Հայկական ԽՍՀ ֆինանսների նախարար, այդ պաշտոնը վարելով 15 տարի անընդմեջ, հանդիսացել ՀԽՍՀ կառավարության նախագահության անդամ: 1990-93թթ. նա եղել է մեր նորանկախ հանրապետության ֆինանսների առաջին նախարարը: Մեծ է Ջ. Ջանոյանի ավանդը Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի ստեղծման ու կայացման ֆործում: 1993թ., իբրև պետական հանձնաժողովի համանախագահ, նա մեծ աշխատանք կատարեց ազգային արժույթի` հայկական դրամի ներդրման նախապատրաստման ու իրականացման համար: Նրան վիճակվել է իր ստորագրությունը դնել ՀՀ անդրանիկ թղթադրամներից առաջինի վրա: 2001թ. սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով Ջ. Ջանոյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Նա արժանացել է նաև Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ԽՍՀՄ մեդալների, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրերի: 1975-90թթ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին կազմում: Կյանքի վերջին տարիներին Ջ. Ջանոյանը աշխատել է “Զարգացման հայկական բանկի” տնօրենների խորհրդի նախագահ: Մահացել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին: