ԹԵԺ ԳԻԾ
09.10.2017
Մեկ կամ երկու ապրանք վերցնել ու ասել, որ կյանքը վատթարացել է, ճիշտ մոտեցում չէ. Ֆինանսների նախարար

ՀՀ կառավարությունն ունի ստանձնած պարտավորություններ սոցիալական խնդիրները լուծելու, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Արդյոք դա կառավարության սուրբ պարտականությո՞ւնն է, այո՛, և շարունակելու ենք դա լուծել», - նշեց նա։

Ֆինանսների նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ թոշակների և աշխատավարձերի աճ ՀՀ կառավարությունը առայժմ չի նախատեսել։

«Պետք է գործողություններ կատարվեն, որպեսզի հանրության բարեկեցությունը բարձրանա, իսկ բարեկեցությունը որպեսզի բարձրանա, համար առաջինը կայուն տնտեսական աճն է և հիմա, որպեսզի մենք կարողանանք դյուրին կերպով այդ հարցը լուծել, ներառյալ նաև թոշակները, աշխատավարձերը բարձրացնել, համար առաջին ոսկյա կանոնը տնտեսական աճ ստեղծելն է», - ընդգծեց Վ. Արամյանը։

Նա ընդգծեց՝ ՀՀ կառավարության թեզը հետևյալն է՝ սկզբում ստեղծել տնտեսական աճ։

«Սոցիալական խարտիայի հիմնական թեզերից որևէ մեկը չի հրաժարվում, մենք պետք է այնպես անենք, որ թոշակը բարձրացնելուց հետո պերմանենտ դա տանք  և դա տանք մեր սեփական եկամուտների հաշվին, ոչ թե պարտք վերցնենք ու դրանով ստիպված լինենք թոշակ ֆինանսավորել», - նշեց Վարդան Արամյանը։

Խոսելով գնաճի մասին՝ Ֆինանսների նախարարն ասաց, որ մի քանի ապրանքատեսակներով չի կարելի դատողություններ անել։

«Այսօրվա դրությամբ, սեպտեմբերը սեպտեմբերի համեմատ, ունենք ընդամենը մեկ տոկոս գնաճ, և մեկ կամ երկու ապրանք վերցնել ու ասել,որ կյանքը վատթարացել է, կարծում եմ, ճիշտ մոտեցում չէ», - ասաց Վ. Արամյանը։

Նյութի աղբյուրը` aysor.am