ԹԵԺ ԳԻԾ
Նախարար Վարդան Արամյանն ամփոփել է ֆինանսների նախարարության մեկ տարվա գործունեության արդյունքները
25.09.2017
Նախարար Վարդան Արամյանն ամփոփել է ֆինանսների նախարարության մեկ տարվա գործունեության արդյունքները

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսը: Ներկայացնելով կառավարության մեկ տարվա գործունեությունը՝ Վարդան Արամյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը 2017 թ. նախագծել և իրականացրել է խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն, ինչի մասին է վկայում միջազգային կառույցների արձագանքը: Նախարարը հիշեցրել է, որ  2014-2015 թթ. երկիրը գտնվել է ճգնաժամի մեջ, և այդ ընթացքում շուրջ 13 տոկոսով ավելացել է արտաքին պարտքի ցուցանիշը: «Եթե մենք հետագա տարիներին ևս շարունակեինք ավելացնել պարտքը, բնականաբար, դրան կհետևեր միջազգային կառույցների, մեր պարտատոմսերում ներդրում կատարողների բացասական արձագանքը, սակայն մենք կարողացանք 2017 թ. նախագծել և իրականացնել հարկաբյուջետային այնպիսի քաղաքականություն, որն ապահովեց դրական միտումներ»,-  ընդգծել է նախարարը:

Ֆինանսների նախարարը կարևորել է, որ «Մուդիս» և «Ֆիտչ» վարկանիշային կազմակերպությունները, Արժույթի միջազգային հիմնադրամը դրական են արձագանքել հարկաբյուջետային քաղաքականությանը, որն իրականացրել է Հայաստանի կառավարությունը 2017 թվականին: Նախարարը վստահեցրել է,  որ այդ քաղաքականությանը դրական են արձագանքել նաև միջազգային կապիտալի շուկայում Հայաստանի պարտատոմսերում ներդրումներ իրականացնողները, որը ևս դրական ցուցիչ է,- «Միջազգային կապիտալի շուկայում մեր պարտատոմսերում ներդրումներ կատարող տնտեսավարողների ընկալումը մեր քաղաքականության նկատմամբ նույնպես դրական է: Սա խոսում է այն մասին, որ մեր գործողություններն արդյունավետ են եղել, և մենք կարողացել ենք հաղթահարել ճգնաժամի արդյունքում առաջ եկած դժվարությունները և կայունացնել իրավիճակը»,- ասել է Արամյանը:

Վարդան Արամյանը հայտնել է, որ որպես ոսկե կանոն պետք է մակրոտնտեսական իրավիճակը կայուն պահել: Դա նվազագույն պայմանն է տնտեսական զարգացման համար, որը կապահովի կայուն երկարաժամկետ տնտեսական աճ։ Վերջինիս բացակայության դեպքում՝ այն կհակազդի ներդրումներին, կհանգեցնի տնտեսական ակտիվության նվազմանը։

Ըստ Վարդան Արամյանի՝ ներքին պարտքի շուկան կարևոր է, քանի որ այն ուղենշային գներն է սահմանում, որի շրջանակներում էլ գործիքակազմը ձևավորվում է։ «Այս տարի մենք թողարկեցինք 30 տարի մարման ժամկետով պարտատոմսեր։ Սա աննախադեպ էր, քանի որ առանց տոկոսադրույքների բարձրացման էր, և նախկին Խորհրդային միության երկրներում նման բան դեռևս չի եղել»,-ասել է Վարդան Արամյանը:

Պարտքի կառավարման ոլորտում էական ձեռքբերում է եղել այն, որ գործառնական ծախսերը պարտքի շուկայի մասնակիցների համար էապես նվազել են: Կարևոր քայլերից է նաև պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդների տեղափոխումը ՀՀ կենտրոնական բանկից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի ժամանակակից ծրագրային լուծումներով և պարտքի կառավարման գործիքներով գործարքներ իրականացնելու հնարավորություններով օժտված առևտրային հարթակ, ինչպես նաև պարտատոմսերով գործարքների իրականացման (T+n) սկզբունքի կիրառումը:

Ներդրվել  է Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգ (gp.minfin.am), որտեղ ֆիզիկական անձինք կարող են առցանց եղանակով ձեռք բերել խնայողական պարտատոմսեր, ինչպես նաև արդեն շուկայական պարտատոմսեր՝ միջին կշռված տոկոսադրույքով: Այս գործիքակազմով Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ երկրների շարքում լիդերներից մեկը:

Հարկային քաղաքականության մասով նախարարը կարևորել է միջազգային համագործակցության ընդլայնումը, որի շրջանակներում առաջնային է համարել Գլոբալ ֆորումի բազմոլորտ գործիքին անդամակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանն  այսօր ունի կրկնակի հարկումը բացառող շուրջ 47 համաձայնագիր և առաջիկա 5 տարվա ընթացքում կրկնակի հարկումը բացառող 5-8 նոր համաձայնագիր կկնքվի, իսկ մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրվի Ղրղզստանի և Ուզբեկստանի հետ:

Հարկային քաղաքականության մասով կարևորագույն ուղղություն է գույքահարկի ռեֆորմի իրականացումը, որի վերաբերյալ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը, և նախատեսվում է 2018 թ կատարել ռեֆորմի տեստավորում:

 Հայաստանի կառավարությունը 2017 թ. պետական գնումների ոլորտում իրականացրել է լուրջ բարեփոխումներ, որոնց արդյունքում պարզեցվել է գնումների գործընթացը, ապահովվել թափանցիկություն և մրցակցության խթանում: Ազգային ժողովը 2016թ. դեկտեմբերին ընդունել է «Գնումների մասին» նոր օրենքը ( ուժի մեջ է մտել 2017թ), այնուհետև ընդունվել են նրանից բխող այլ իրավական ակտերը:

Նախարարը շեշտել է, որ ձևավորվել է գնումների արտադատական բողոքարկման գործուն և անկախ համակարգ՝ հաշվի առնելով միջազգային փորձը: «Գնման գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աստիճանի բարձրացման, հնարավոր կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, ինչպես նաև այլ գործընթացների նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության աստիճանը բարձրացնելու նպատակով ներդրվել է գնման գործընթացներին փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառող համակարգ»,- մանրամասնել է Վարդան Արամյանը:

Ներդրվել է նաև ինտերնետ միջավայրում գործող գնումների հաշվետվողականության ծրագիրը, որը շահագրգիռ անձանց որոնման ճկուն համակարգի միջոցով հնարավորություն է ընձեռում ստանալ ամբողջական տեղեկատվություն գնման ընթացակարգերի մասին, այդ թվում՝ իրականացնել վերլուծություններ:

Պետական ֆինանսների կառավարման ոլորտում հաջորդ աշխատանքը հաշվապահական հաշվառման ստանդարտների ներդրումն է: Ֆինանսերի նախարարը տեղեկացրել է, որ 2017թ.-ից ևս 24 պետական կառավարման մարմիններում ներդրվել է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգը, որի նպատակը կայանում է նրանում, որ հնարավոր լինի բարձրացնել հաշվետվողականությունը, թափանցիկությունը և նպատակայնությունը, ինչն էլ  պետական ֆինանսների կառավարման կարևորագույն գործառույթ է:

Վարդան Արամյանի կանխատեսմամբ՝ տարվա բյուջեով նախատեսված 3.2 տոկոսանոց տնտեսական աճը ավելին կլինի՝ տարեվերջին կգրանցվի 4.3 տոկոս իրական տնտեսական աճ: «Մեր բոլոր մոդելները և առկա գործիքակազմը թույլ են տալիս ասել, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2 տոկոսի փոխարեն կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ»,- վստահեցրել է նա: 

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ամփոփել է հաշվետվությունը՝ կարևորելով, որ բոլոր այս գործառույթներին   գնահատական է տվել նաև ԱՄՆ Պետդեպը, ըստ որի՝ Հայաստանը դասվել է ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկրների շարքին:

Նախարարը պատասխանել է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: