ԹԵԺ ԳԻԾ
26.10.2017
Պետպարտքի սպասարկման «ահեղ դատաստանի» ժամանակը

ՀՀ պետական պարտքը 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 308 մլն դոլար կամ 3 տրլն 17.8 մլրդ դրամ։ Այդ թվում՝ ՀՀ կառավարության արտաքին պարտքը 4 մլրդ 456.5 մլն դոլար է, ներքին պարտքը՝ 1 մլրդ 240.1 մլն դոլար։ Եվս 611.3 մլն դոլարի արտաքին պարտք ունի ՀՀ Կենտրոնական բանկը։

Արդեն գրել ենք, որ 2017 թվականի վերջին, ըստ 2018 թվականի պետբյուջեի նախագծի, պետական պարտքը կկազմի 6.8 մլրդ դոլար։ ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումներով՝ կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա վերջին կկազմի 58.7%։ Այսինքն՝ այն կմոտենա «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված առավելագույն շեմին՝ ՀՆԱ-ի 60%-ին։

Կառավարությունը հայտարարում է, որ թույլատրելի շեմը չենք անցել ու չենք էլ անցնի. 2018 թվականին պարտքը կաճի մինչև 7,2 մլրդ դոլար, սակայն պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի՝ տնտեսական աճի հաշվին։

Պարտքի հետ կապված քննադատությունները, սակայն, կապված են ոչ թե դրա մեծության հետ (իրացվելիության ռիսկ), այլ ընթացիկ սպասարկման դժվարությունների հետ (վճարունակության ռիսկ)։ Այսինքն՝ պետական պարտքի սպասարկմանն ամեն տարի ուղղվում է ավելի ու ավելի շատ գումար, որի տակից բյուջեն կարող է դուրս չգալ։ Կամ էլ՝ դուրս կգա՝ այլ ծախսերի կրճատման հաշվին։

Սակայն Ֆինանսների նախարարությունը հավաստիացնում է, որ վճարունակության մասով էլ վտանգներ չկան, պարտքը կառավարելի է։ Ֆիննախի անցկացրած՝ պետպարտքի կայունության մոդելները ցույց են տալիս, որ տարբեր սցենարների (ելակետայինից՝ մինչև վատագույն) դեպքում պետական պարտքը կմնա կառավարելի։

Սակայն մոտ ապագայում կա մի տարի, որը լուրջ փորձություն է թվում պետական պարտքի սպասարկման առումով։ Խոսքը վերաբերում է 2020 թվականին։ Այդ տարի Հայաստանը պետք է պետական պարտքի գծով ուղղի մոտ 800 մլն դոլար։ Հենց 2020 թվականն է կառավարության ընդդիմախոսների կողմից ներկայացվում՝ որպես «ահեղ դատաստանի» տարի, որը կարող է անգամ դեֆոլտի տանել երկիրը։

Որքանո՞վ է արդարացված այս մտավախությունը, որքա՞ն գումար է հատկացվելու առաջիկա տարիներին՝ պետական պարտքի սպասարկման և մարման գծով, և ի՞նչ է իրենից ներկայացնում 2020 թվականի պարտքային պիկը։

Ստորև բերված գծապատկերում ներկայացված է ՀՀ կառավարության պարտքի մարման ժամանակացույցը՝ 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ (կազմված է Ֆինանսների նախարարության կողմից)։ Այլ կերպ ասած, այստեղ ներկայացված են միայն այս պահի դրությամբ առկա պարտքերի գծով մարումները՝ առանց ապագայում ներգրավվելիք հնարավոր պարտքերի։

Ինչպես տեսնում եք, 2018 թվականին կառավարության պարտքի գծով մարմանն ուղղվելու է 311.9 մլն դոլար, որից 126.4-ը՝ արտաքին պարտքի գծով, 184.5-ը ներքին պարտքի գծով։

2019-ին պարտքի սպասարկմանն ուղղվող գումարն ավելի քիչ է լինելու՝ 285 մլն դոլար՝ պայմանավորված դրամային պարտատոմսերի գծով մարումների նվազմամբ։ Իսկ 2020 թվականին, իրոք, կառավարության պարտքի մարման գծով նախատեսված է 790.8 մլն դոլարի վճարում։

Սա պայմանավորված է եվրապարտատոմսերի ժամկետի ավարտով։ Հայաստանը պետք է հետ գնի դեռևս 2013 թվականին թողարկված 7 տարի մարման ժամկետով պարտատոմսերը՝ 500 մլն դոլար ծավալով։

Ընդ որում, այդ գումարն ի սկզբանե ավելի մեծ էր՝ 2013 թվականին Հայաստանն առաջին անգամ թողարկել էր 700 մլն-ի պարտատոմս։ Սակայն 2015 թվականին տեղի ունեցավ պարտատոմսերի երկրորդ թողարկումը՝ 10 տարի մարման ժամկետով և 500 մլն դոլար ծավալով։ Եվ դրանց տեղաբաշխումից ստացված գումարի մի մասը՝ շուրջ 200 մլն դոլար, որոշվեց ուղղել նախորդ թողարկման ժամանակ ձեռք բերված պարտավորությունների մարմանը։ Այդպիսով, կառավարությունը փորձեց թուլացնել անցած թողարկման մարման ծանրաբեռնվածությունը՝ ժամկետի տեղափոխման միջոցով։ Այլապես, 2020 թվականին պարտքի գծով վճարումների ընդհանուր գումարը կկազմեր մոտ 1 մլրդ դոլար։

Ինչևէ, 790 մլն դոլարն էլ քիչ փող չէ՝ Հայաստանի հնարավորությունների համեմատ։

Ի վիճակի՞ է լինելու ՀՀ պետբյուջեն միայն 500 մլն դոլար գումար ուղղել եվրապարտատոմսերի հետգնմանը։ Ցանկացած պարագայում՝ ոչ։ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմված տարբեր բոլոր սցենարներով 2020 թվականին արտաքին պարտքի սպասարկումը կազմում է ՀՆԱ-ի 26.5%-ից 31%-ը (2016 թվականին եղել է 9%)։ Այսինքն, ՀՆԱ-ն չի կարող այնպիսի թռիչքային տեմպով աճել, որ հնարավորություն տա սեփական հարկային եկամուտներով մարել պարտքի գծով պարտավորությունները։

Այսինքն՝ մեզ դեֆո՞լտ է սպասվում։ Դարձյալ ոչ։

Հեծանիվ հորինելու կարիք չկա. 2020 թվականին թողարկվելու է եվրապարտատոմսերի նոր խմբաքանակ, ենթադրաբար՝ 500 մլն դոլարից ոչ պակաս ծավալով, որի տեղաբաշխումից ստացված գումարն ուղղվելու է առաջին եվրապարտատոմսերի մարմանը։

Չի բացառվում նաև, որ տեղաբաշխվի ավելի մեծ ծավալ, որով «կթեթևացվի» նաև երկրորդ թողարկման պարտատոմսերի բեռը կամ այլ արտաքին պարտավորություններ։

Պարզ ասած, կառավարությունն այդ կերպ ոչ թե մարելու է պարտքը, այլ ըստ էության՝ երկարաձգելու է այն (թե քանի տարով, կախված է նրանից, թե ինչ ժամկետայնություն կունենան երրորդ թողարկման թղթերը):

Լա՞վ է սա, թե՞ վատ։ Ամենաճիշտ պատասխանը, թերևս, հետևյալն է՝ սա նորմալ պրակտիկա է։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե ի սկզբանե ստիպված չլինեինք արտաքին պարտքեր ներգրավել։ Սակայն ունենք այն, ինչ ունենք, և ներկայիս պայմաններում միակ լուծումը եվրապարտատոմսերի երրորդ թողարկումն է։

Թեպետ, լավ և վատ լինելու մեկ չափանիշ, ամեն դեպքում, կա։ Դա կախված է եկամտաբերությունից. եթե երրորդ թողարկման արժեթղթերն ավելի քիչ եկամտաբերություն ունենան, քան առաջինը, ապա դա կնշանակի, որ կառավարությունը ոչ միայն երկարաձգում է պարտքը, այլև այն դարձնում է ավելի էժան։ Ավելի բարձր եկամտաբերության դեպքում կլինի հակառակը։

Իսկ դա, իր հերթին՝ կախված է մի շարք գործոններից և առաջին հերթին՝ Հայաստանի վարկունակության գնահատականից։ Եթե կառավարությանը հաջողվի կատարել խոստումը՝ կայունացնել պետական պարտքը, ապահովել 5%-անոց տնտեսական աճ, չշեղվել հարկաբյուջետային «ոսկե կանոններից» և նվազեցնել պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը, ապա մեր պարտքային վարկանիշը կբարձրանա, կդիտարկվենք՝ որպես ավելի պակաս ռիսկային, ինչի արդյունքում երրորդ թողարկման եվրապարտատոմսերն ավելի էժան կլինեն մեզ համար, պետական պարտքի բեռն էլ այդքան սարսափելի չի թվա։

Ի դեպ, ևս մեկ «ահեղ դատաստան» սպասվում է 2025 թվականին, երբ կգա երկրորդ թողարկման եվրապարտատոմսերը հետգնելու ժամանակը։ Սակայն այդ օրվան դեռ 8 տարի կա, այնպես որ, կարելի է այդ մասին դեռևս չմտածել։

Նյութի աղբյուրը՝ 168.am