ԹԵԺ ԳԻԾ
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը
09.11.2017
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հավանությանն է ներկայացրել  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել, որ հարկ վճարողները հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները 2017 թ. համար նույնպես կարող են կատարել գծային մեթոդով:

Գործադիրը հավանության  է արժանացրել նաև «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի» նախագիծը: 80 մլն եվրոն տրամադրվում է երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով: Ըստ համաձայնագրի՝ տոկոսադրույքը ֆիքսվող է (այն ֆիքսվում է յուրաքանչյուր տրանշի համար), պարտավորության վճարը կազմում է 0.25 տոկոս՝ վարկի չօգտագործված գումարի նկատմամբ, մայր գումարի մարման ժամկետը՝ 15 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Միջոցները կուղղվեն Հայաստանի ջրային և կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը և գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործմանը:

 

Աղբյուրը՝ gov.am