ԹԵԺ ԳԻԾ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) – տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով (ԵԱՏՄ մասին պայմանագիր)՝ ստորագրված 2014 թվականի մայիսի 29-ին քաղաք Աստանայում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կողմից, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետությունը ստորագրել ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու մասին պայմանագիրը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին: Այնուհետև՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին պայմանագրին է միացել նաև Ղրղզական Հանրապետությունը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 12-ից:

ԵԱՏՄ ստեղծված է ազգային տնտեսությունների բազմակողմանի կատարելագործման, համագործակցության, մրցունակության բարձրացման և կայուն զարգացման պայմանների ստեղծման նպատակով ի շահ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման:

ԵԱՏՄ շրջանակներում ապահովվում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շարժը, ինչպես նաև ապահովվում է համակարգված կամ միասնական քաղաքականությունը տնտեսության տարբեր ճյուղային ոլորտներում:

ԵԱՏՄ մասին պայմանագրով ամրագրված Եվրասիական տնտեսական միության մարմիններն են՝

  • Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները,
  • Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ), որը հանդիսանում է մշտապես գործող ԵԱՏՄ մարմին, որն իր հերթին բաղկացած է Խորհրդից և Կոլեգիայից:
  • Եվրասիական տնտեսական միության դատարանը, որը հանդիսանում է մշտապես գործող ԵԱՏՄ դատական մարմին:

Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում  ԵԱՏՀ և ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաև մյուս անդամ պետությունների ֆինանսների նախարարությունների կողմից ստորագրվել է ԵԱՏՀ-ին կից հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի, հարկային քաղաքականության և հարկային վարչարարության բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Վիեննայի տնտեսության և բիզնեսի համալսարանի Ավստրիական և միջազգային իրավունքի ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը, որն ուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական և հարկային գերատեսչությունների աշխատակիցների որակավորման բարձրացմանը:

2016 թվականի դեկտեմբերի 26-ին ք. Սանկտ-Պետերբուրգում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը: ԵԱՏՄ-ն ակտիվ համագործակցություն է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետության, Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության և Իսրայելի Պետության հետ ազատ առևտրի գոտիների ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ պետությունների կարևորագույն առևտրային գործընկերը: Աշխատանքներ են տարվում նաև Կորեայի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում, որոնք ցանկություն են հայտնել ազատ առևտրի գոտու ստեղծման նպատակով: Նշենք նաև, որ ԵԱՏՄ ու իր անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև 2015 թվականի մայիսի 29-ին կնքվել էր ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ էր մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին: Բացի այդ Եվրասիական տնտեսական միությունը ակտիվ համագործակցում է նաև տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների, այլ օտարերկրյա պետությունների կառավարությունների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միասնական գնումների շուկայի ձևավորման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության և ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների մասնակցությամբ քննարկվում են ՀՀ պետական (մունիցիպալ) գնումների մասին տեղեկատվության թափանցիկության ապահովմանն ուղղված հարցեր՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետական գնումների կայքում ռուսերեն լեզվով տեղեկատվության տեղադրման միջոցով: