ԹԵԺ ԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 503-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1460-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի ՆՀ-85-Ն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 31
Երևան

 

 

 

 

                                         Հավելված N 1
                                   ՀՀ կառավարության 2008 թվականի
                                     մայիսի 15-ի N 503-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն, անգլերեն ու ռուսերեն՝ իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։

5. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից, ռեֆերենտներից: Նախարարության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:

6. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) բյուջետային գործընթացի կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում.

2) միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսատնտեսական, վարկային, հարկաբյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը.

3) կապիտալի, ֆինանսական շուկայի, այդ թվում` աուդիտորական, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման մասին իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

4) հաշվապահական հաշվառման (այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների) և աուդիտորական գործունեության քաղաքականությունների ու մեթոդաբանության մշակումը և դրանց իրականացման աշխատանքների կատարման ապահովումը.

5) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման քաղաքականության մշակումը.

6) պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողության իրականացումը.

7) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության, ինչպես նաև համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված նպատակային հատկացումների և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների օգտագործման նկատմամբ ֆինանսական վերահսկողության կազմակերպումը և իրականացումը.

8) պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ ֆինանսական մոնիթորինգը.

9) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը.

10) գնումների գործընթացի պետական կարգավորումը և համակարգումը.

11) պետական պարտքի կառավարումը.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:

(6-րդ կետը խմբ. 16.03.17 N 257-Ն) 

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ ոլորտների իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում`

ա. պետական պարտքի կայունության գնահատումը,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի ռազմավարության մշակումը,

գ. իր իրավասությունների սահմաններում մակրոտնտեսական և բյուջետային ծախսային քաղաքականությունների տեսանկյունից միջազգային ֆինանսատնտեսական հաստատությունների հետ համագործակցությունը,

դ. մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, մակրոտնտեսական ծրագրավորումը, մակրոտնտեսական ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը,

ե. ռազմավարական ծրագրի մշակման, տարեկան միջոցառումների ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքներին անմիջական մասնակցությունը.

2) բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում`

ա. հարկային, մաքսային և այլ եկամուտների գծով քաղաքականության մշակումը,

բ. հարկային, մաքսային և այլ եկամուտների վերլուծությունն ու գնահատումը,

գ. միջազգային հարկային, մաքսային և այլ եկամուտների բնագավառում համագործակցության ապահովումը, քաղաքականության մշակումը,

դ. Եվրասիական տնտեսական միության միասնական իրավապայմանագրային և օրենսդրական կարգավորումների մշակման աշխատանքների կատարումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման ոլորտում`

ա. առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերն ու դրանք ներկայացնելու կարգերի մշակումը և տրամադրումը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին,

բ. պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ու ելքերի ֆինանսական ծրագրավորումը,

գ. առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը,

դ. առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի մշակումը (սահմանված կարգով՝ այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ),

ե. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ծրագրավորումը,

զ. Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,

է. առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի նախնական ցուցանիշների ծրագրավորումը,

ը. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,

թ. Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, այդ ծրագրերի կազմման մեթոդաբանության մշակումը,

ժ. բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և ներդրումը,

ժա. պետական մարմինների` բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման նպատակով համապատասխան դասընթացների պարբերաբար կազմակերպման գործընթացի համակարգումը.

4) բյուջեների կատարման ոլորտում`

ա. Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման ու ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը, ինչպես նաև համախմբված բյուջեի կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը,

գ. Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության ներքո գտնվող դրամական միջոցների մուտքագրման ու դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը և կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը,

դ. պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունների, ինչպես նաև բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակումը,

ե. Հայաստանի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության անունից պարտատոմսերի, մուրհակների, այլ վճարային արժեթղթերի թողարկումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, այդ թվում՝ միջազգային ծրագրերի միջոցներից, վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը,

զ. պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը,

է. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքների բյուջեների և արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ստացված ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկությունների արժանահավատության գնահատումը, ամփոփումը և դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելն ու ներկայացնելը,

ը. Հայաստանի Հանրապետության պետական պարտքի կառավարումն ու սպասարկումը,

թ. օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի ու դրամաշնորհների դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիթորինգ),

ժ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը,

ժա. բյուջեների կատարումն ապահովող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,

ժբ. օրենքով սահմանված շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախարարությանը և պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների համապատասխան վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումն ու հաշվառումը.

5) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`

ա. գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և ընդունումը կամ դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատման ներկայացնելը,

բ. գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը,

գ. պատվիրատուների գնումները համակարգողների որակավորման շնորհման և վերջիններիս շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայության ապահովումը,

դ. տեղեկագրի հրապարակման կազմակերպումը,

ե. գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը,

զ. պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառումը,

է. պետական գնումների տարեկան հաշվետվության և գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակի հրապարակումը,

ը. գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի՝ ներառյալ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերի հաստատումը,

թ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի՝ ներառյալ հաշվետվությունների ձևերի ու դրանց ներկայացման ժամկետների հաստատումը,

ժ. գրանցամատյանի ձևի և վարման կարգի հաստատումը,

ժա. էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթների իրականացումը,

ժբ. գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայության ապահովումը.

6) ներքին աուդիտի ոլորտում`

ա. ներքին աուդիտի համակարգի զարգացման և մեթոդաբանության կատարելագործման նպատակով պարբերաբար մշտադիտարկումներ (մոնիթորինգ) է իրականացնում «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ներքին աուդիտի մեթոդաբանության, ներքին աուդիտի ստանդարտների և ներքին աուդիտորների վարքագծի կանոնների պահանջների կիրառման նկատմամբ,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ներքին աուդիտի գործընթացի համակարգումը և ներդաշնակեցումը, ներքին աուդիտորների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը, ներքին աուդիտորի արհեստավարժության համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը ներքին աուդիտի համակարգի մասին նախորդ տարվա հաշվետվության հրապարակումը, ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց հաշվառումը և նրանց ցանկի հրապարակումը, Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ներքին աուդիտի ոլորտի հաստատությունների ու մարմինների հետ համագործակցությունը, կազմակերպությունների ներքին աուդիտի ստորաբաժանումների, ներքին աուդիտորների, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանումների կանոնակարգերի գրանցամատյանի ստեղծումը և վարումը.

7) հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`

ա. հաշվապահական հաշվառման (այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների) և աուդիտի քաղաքականության մշակումը,

բ. հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և դրա կիրառման հրահանգի մշակումն ու հաստատումը, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան ցուցադրական ֆինանսական հաշվետվությունների մշակումն ու հրապարակումը,

գ. ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, միջազգային ստանդարտների ուղեցույցների, աուդիտի միջազգային ստանդարտների, դրանց փոփոխությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հայերեն թարգմանությունների ապահովումն ու հրապարակումը,

դ. հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի, այդ թվում՝ ստանդարտների, հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթի, հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելի, սկզբնական հաշվառման փաստաթղթերի ու գրանցամատյանների օրինակելի ձևերի և այլ իրավական ակտերի մշակումն ու հաստատումը,

ե. օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված հասարակական կազմակերպությունների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորներին աուդիտորի որակավորման վկայականի տրամադրումը, մասնագիտացված կառույցների հավատարմագրման գործընթացի իրականացումը,

զ. հաշվապահների (այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների) որակավորման կազմակերպումը և քննությունների անցկացումը,

է. հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ապահովումը,

ը. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ` բանկերի հաշվապահական հաշվառման վարման կարգի սահմանումը,

թ. հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության իրականացումը.

8) էլեկտրոնային կառավարման ոլորտում` էլեկտրոնային կառավարման համակարգերի և ենթակառուցվածքների ներդրումը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և ներքին շուկայում գործող տնտեսավարողներին էլեկտրոնային ծառայությունների մատուցումը, այլ երկրների, միությունների հետ տեղեկատվության փոխանակումը.

9) թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում` թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստների կառավարումը, ինչպես նաև թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստների արդյունավետ կառավարման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի և մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակումը, թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի վրա անվանանիշի, հարգադրոշմի և տարբերանիշի դրոշմահետքի փորձաքննությունը, տարբերանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը, անվանանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը, «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունը, որակական գնահատման ապահովումը և թանկարժեք մետաղների ստուգիչ տարալուծումները, ինչպես նաև թանկարժեք քարերի անվանման որոշումը և որակական գնահատման ապահովումը, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող, թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննությունը, պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունը, հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը.

10) ֆինանսատնտեսական և վարկային շուկայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ֆինանսատնտեսական և վարկային միասնական պետական քաղաքականության մշակման ապահովումը, այդ թվում` ֆինանսական շուկայի վարկային և ոչ վարկային սեգմենտների զարգացման ծրագրերի մշակումը և այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը.

11) նախարարությանը վերապահված կառավարման ոլորտում լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումը.

12) վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների գործունեության կարգավորման ոլորտում` վիճակախաղային, խաղատնային և շահումով խաղերի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը.

13) միջազգային համագործակցության ոլորտում`

ա. պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության ու բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների ստացմանն ուղղված` պետական մարմինների գործողությունների համակարգումը, ինչպես նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական մոնիթորինգի իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկանքների տրամադրումը.

14) պետական սեփականության կառավարման ոլորտում`

ա. բանկերի կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, միջնաժամկետ հեռանկարում առևտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգումը, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը,

բ. լուծարված առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի, ինչպես նաև լուծարված ոչ առևտրային կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային արժեթղթերի) կառավարումը (գանձումը, պահանջի իրավունքի փոխանցումը),

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,

դ. մասնակցությունը պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը,

ե. պետական ոչ առևտրային կազմակերպությունների (որպես հանրային ակտիվների) կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը, այդ կազմակերպությունների գործունեության կենտրոնացված մոնիթորինգի իրականացումը, միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը և հրապարակումը, տարեկան գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ամփոփ հաշվետվություն ներկայացնելը, պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ (բացառությամբ դպրոցների) ընթացիկ բյուջետային տարում կնքված ֆինանսավորման մասին պայմանագրերի և նախորդ բյուջետային տարվա ընթացքում ստորագրված հանձնման-ընդունման ակտերի պատկերամուտի հրապարակումը.

15) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`

ա. նախարարության կողմից` իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,

բ. պայմանագրային կամ այլ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Հայաստանի Հանրապետությունից գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական մարմնի կամ հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը, ինչպես նաև պետության այլ գույքային շահերի պաշտպանությունը,

գ. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ հանդես գալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից հատուցման դեպքում (ներառյալ դատական ծախսերը) պետության հետադարձ պահանջները գնահատելը և ներկայացնելը,

դ. վարչական դատարան ներկայացվող՝ վարչական մարմինների դեմ հայցադիմումների հաշվառումը, ներկայացվող պահանջների ու վարչական մարմինների վիճարկվող վարքագծի վերլուծությունը,

ե. մի կողմից` Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը.

16) տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում՝ նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի անվտանգության ապահովման նպատակով համապատասխան միջոցառումների իրականացումը.

17) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության ոլորտում՝ պլանների ու ծրագրերի մշակումը, հիմնական միջոցառումների իրականացումը, նախարարության համակարգի աշխատողների պաշտպանության և զորահավաքային ռեսուրսների հաշվառման, ինչպես նաև համակարգի կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը.

18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

(7-րդ կետը լրաց. 18.11.16 N 1164-Ն, 29.12.16 N 1359-Ն, խմբ. 16.03.17 N 257-Ն, 13.04.17 N 382-Ն)

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

9. Նախարարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող վիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:

(9-րդ կետը խմբ. 16.03.17 N 257-Ն)

10. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

11. Նախարարը`

1) նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հանձնարարականներ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, տալիս է բյուջետային երաշխիքներ, պետական թղթային պարտատոմսեր, մուրհակներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) օրենքով սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ստորաբաժանման մյուս պաշտոններում, ինչպես նաև այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

7) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

9) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

10) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

11) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

12) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

14) հաստատում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, կառուցվածքը և հաստիքացուցակը.

15) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

17) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին, բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին օրենքների նախագծերը և բյուջեի կամ բյուջեի կատարման հաշվետվության հաստատման առնչությամբ կարող է դնել Հայաստանի Հանրապետության կառավարության վստահության հարցը.

18) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ.

19) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.

20) «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ապահովում է ներքին աուդիտի համակարգի առկայությունը և գործունեությունը.

21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն նախարարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, ինչպես նաև նրա նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

22) նախարարության աշխատողներին և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց ու կազմակերպություններին շնորհում է նախարարության պարգևներ, ինչպես նաև սահմանում է այդ պարգևների ձևերը, դրանց ներկայացման և շնորհման կարգը:

(11-րդ կետը խմբ., լրաց. 16.03.17 N 257-Ն)

12. Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` նախարարի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալներից մեկը:

13. Նախարարի տեղակալը`

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

2) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում նրանց իրավասությանը վերաբերող հարցերով.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

14. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ:

15. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

16. Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

17. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ:

18. Նախարարի խորհրդականները`

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.

2) պարբերաբար նախարարին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրենց հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) նախարարի որոշմամբ կարող են ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված հարցերի քննարկումներ.

7) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

19. Նախարարի օգնականը`

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.

2) համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

(19-րդ կետը փոփ. 16.03.17 N 257-Ն)

20. Նախարարի մամուլի քարտուղարը`

1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

21. Նախարարի կողմից սահմանված գործառույթները և հանձնարարականները կատարելիս` նախարարի խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը համագործակցում են միմյանց, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների և նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

(21-րդ կետը փոփ. 16.03.17 N 257-Ն)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

22. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` դրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

23. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

24. Նախարարության աշխատակազմը, նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կնքել գործարքներ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

25. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, հարկ վճարողի հաշվառման համար, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

26. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

27. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով: Նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում վարկային և այլ հատուցելի պայմանագրերի կնքումը չի համարվում նախարարության աշխատակազմի ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործառնություններից եկամուտներն անմիջականորեն չեն օգտագործվում նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար:

28. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

29. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

30. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ:

31. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղ. Երևան, Մելիք Ադամյան 1:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

32. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), ինչպես նաև բյուջետային ծախսային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

34. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

39. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ, նախարարության աշխատակազմի հարկ վճարողի հաշվառման համարով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

42. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

43. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի կողմից ընդունված իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(44-րդ կետը փոփ. 16.03.17 N 257-Ն)

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

46. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

47. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

48. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` նախարարության իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում քաղաքացիաիրավական գործարքներ, նախարարության լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ, տալիս լիազորագրեր դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) նախարարության իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) ապահովում է աշխատակազմում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան անձնակազմի հետ կապված գործառույթների իրականացումը.

6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

7) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

8) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

10) կազմակերպում է նախարարության առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

11) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

12) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

13) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

14) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

15) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

17) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններում (բացառությամբ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոնների) ընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր:

49. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ, իսկ գլխավոր ֆինանսիստի պարտականություններն աշխատակազմի ղեկավարի վրա դրված լինելու դեպքում՝ նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

50. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

51. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

52. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

 53. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(հավելվածը լրաց. 25.12.08 N 1528-Ն, խմբ. 19.08.10 N 1146-Ն, 10.02.11 N 168-Ն, լրաց. 12.05.11 N 602-Ն, փոփ., լրաց. 11.08.11 N 1233-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.12.11 N 1773-Ն, խմբ. 07.02.13 N  92-Ն, լրաց. 18.04.13 N 372-Ն, խմբ. 08.05.14 N 500-Ն, 10.03.16 N 304-Ն, լրաց. 18.11.16 N 1164-Ն, 29.12.16 N 1359-Ն, խմբ., լրաց., փոփ.16.03.17 N 257-Ն, խմբ. 13.04.17 N 382-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

 

                              Հավելված N 2
                                 ՀՀ կառավարության 2008 թվականի
                                մայիսի 15-ի N 503-Ն որոշման
 

 


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Վարչություններ

Բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն

Բյուջետային գործընթացի կառավարման վարչություն

Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն

Բյուջեների կատարման հաշվետվությունների վարչություն

Գործառնական վարչություն

Ծախսերի ֆինանսավորման վարչություն

Պետական գնումների գործընթացի համակարգման վարչություն

Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչություն

Պետական պարտքի կառավարման վարչություն

Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վարչություն

Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության

վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Իրավաբանական վարչություն

Ներքին աուդիտի վարչություն

Հաշվապահական հաշվառման վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և

զարգացման վարչություն

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և

հաշվետվությունների մշտադիտարկման վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Քարտուղարություն

Բաժիններ

Առաջին բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման բաժին

Ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության բաժին

Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական

պաշտպանության բաժին

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 Լիցենզավորման գործակալություն

 Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն

 «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»

գործակալություն

 Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչություն

 Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն

(հավելվածը լրաց. 04.03.10 N 268-Ն, փոփ., լրաց. 19.08.10 N 1146-Ն, 11.08.11 N 1233-Ն, փոփ. 15.12.11 N 1773-Ն, 04.07.13 N 694-Ն, փոփ., լրաց. 08.08.13 N 900-Ն, փոփ. 14.11.13 N 1254-Ն, 23.01.14 N 57-Ն, 13.03.14 N 252-Ն, խմբ. 08.05.14 N 500-Ն, փոփ. 27.11.14 N 1337-Ն, փոփ., լրաց. 05.11.15 N 1347-Ն, փոփ. 29.01.16 N 48-Ն, խմբ. 10.03.16 N 304-Ն, լրաց. 18.11.16 N 1164-Ն, խմբ. 16.03.17 N 257-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան