ԹԵԺ ԳԻԾ

ՀՀ Ֆինանսների նախարարությունը երրորդ հանրապետության ժամանակաշրջանում


Հայաստանի երրորդ հանրապետության ֆինանսների նախարարությունը ստեղծվել է Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ:Մեր նորանկախ պետության առաջին ֆինանսների նախարարը Ջանիկ Ջանոյանն էր, ով նաև 15 տարի անընդմեջ զբաղեցրել է Հայկական ԽՍՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:
1997 թվականին, ՀՀ Նախագահի հունիսի 10-ի ՆՀ 747 հրամանագրով, ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմավորվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության:
1999 թվականին, ՀՀ Նախագահի հունիսի 15-ի ՆՀ 287 հրամանագրով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը բաժանման ձևով վերակազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության: Սակայն արդեն 2000 թվականի փետրվարին, ՀՀ Նախագահի ՆՀ 490 հրամանագրով, երկու նախարարությունները միաձուլման ձևով դարձյալ վերակազմակերպվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության:
2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց ՀՀ ֆինանսների նախարարություն:
2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի ՆՀ-97-Ն հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել է և միացել ՀՀ ֆինանսների նախարարությանը:
2016 թվականի մարտի 12-ին ՀՀ Նախագահի ՆՀ-213-Ն հրամանագրով ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է և առանձնացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից:

 
Խորհրդային Հայաստանի ֆինանսների
ժողկոմ-ֆինանսների նախարարություն (1920-1990թթ.) 


ՀՍԽՀ ֆինանսների ժողկոմատը ձևավորվել է 1920թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարության հիման վրա։ Առաջին ժողկոմ է նշանակվել Եզեկել Երզնկյանը:
1922թ. սեպտեմբերի 6-ին Անդրկովկասյան դաշնության կազմավորման կապակցությամբ ՀՍԽՀ ֆինժողկոմատը վերացվում է և փոխարենը ստեղծվում է Անդրկովկասի դաշնության ֆինժողկոմատի ՀՍԽՀ լիազորությունը։
1925թ. դեկտեմբերի 14-ին ՀՍԽՀ ֆինժողկոմատը վերաստեղծվում է։
1946թ. մարտի 27-ին ՀԽՍՀ ֆինժողկոմատը վերակազմակերպվում է ՀԽՍՀ ֆինանսների նախարարության։

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը (1918-1920թթ.)


ՀՀ ֆինանսների նախարարությունը հիմնադրվել է 1918թ. հուլիսի 24-ին, երբ Հայոց ազգային խորհուրդը կազմավորեց ՀՀ կառավարությունը և ՀՀ ֆինանսների նախարար նշանակվեց Խաչատուր Կարճիկյանը։
Նախարարությունը ձևավորվել է Երևանի Հայոց ազգային խորհրդի ֆինանսական բաժանմունքի հիման վրա։ Նախարարության կազմում ընդգրկվեցին Երևանի արքունական պալատը (казенная палата), ակցիզային տուրքի վարչությունը, հարկային տեսչությունը, Մաքսային վարչությունը, Երևանի և գավառների գանձատները (Казкачейства), երկրագործության և պետական գույքի Երևանի վարչությունը։
1920թ. օգոստոսի 6-ից Նախարարությունը վերանվանվեց Ելևմտից նախարարություն։