Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Մամուլի Կենտրոն
Մամուլի ԿենտրոնՆորություններ

Քննարկում ներքին աուդիտի համակարգի զարգացման վերաբերյալ

Մայիսի 15-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հանդիպումը «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ անդամների հետ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ ՀՀ-ում ներքին աուդիտի ոլորտը բարեփոխումների կարիք ունի և դա այն օղակն է, որը կազմակերպությանը պետք է տրամադրի մրցունակ լինելու բանալին: Ներքին աուդիտը ՀՀ-ում պետք է ոչ միայն նույնականացնի հնարավոր ռիսկերը, այլև կատարի խորհրդատվական ինստիտուտի դեր:
«Ներքին աուդիտի ինստիտուտը այն գործիքն է, որը կնպաստի միկրո և մակրո մակարդակներում պետական ֆինանսների ճիշտ կառավարմանը՝ պահպանելով ՀՀ ֆինանսների նախարարության գործունեության 3 հիմնական սկզբունքները՝ տնտեսում (economy), նպատակայնություն (efficiency), արդյունավետություն (effectiveness)», - ասել է նախարար Արամյանը:
Քննարկմանը նշվել է, որ ՀՀ-ում ներկայումս իրականացվում է աուդիտի 3 տեսակ՝ ֆինանսական, կատարողական և համապատասխանության, որոնք խորքային բարեփոխումների կարիք ունեն, և պետք է ընտրել այդ ուղղությունների զարգացման ճիշտ մոդել ներքին աուդիտի դերակատարումը բարձրացնելու համար:
Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ այժմյան մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին աուդիտի համակարգը զարգացնել բոլոր գերատեսչություններում, անցում կատարել դեպի բիզնես գործընթացների նկարագրում, և հնարավոր համակարգերի ավտոմատացում: Կարևորվել է նաև աուդիտի ոլորտում ֆունդամենտալ գիտելիքների ձեռքբերման խնդիրը և ընդգծվել է, որ ՀՀ-ում այն նույնպես կատարելագործման կարիք ունի:
 
 
Վերջին թարմացում 15.05.2017