ԹԵԺ ԳԻԾ
30.06.2020
Ասել, թե ճգնաժամային պայմանում գույքահարկ է բարձրացվում, սխալ ընկալման արդյունք է. Թունյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է՝ շրջանառվող թեզերը, թե պետությունը ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացնում, կամ սխալ ընկալման արդյունք է, կամ որոշ դեպքերում՝ միտումնավոր մանիպուլյացիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված գույքահարկի փոփոխություններին:

«Շրջանառվում է թեզ, թե պետությունը ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացնում: Դա կամ սխալ ընկալման արդյունք է, կամ որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիա է: Բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկերի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն ընդունվել է անցյալ տարի: Եվ հիմա այս նախագծով մենք այդ նախագծի էֆեկտը փորձում ենք մեղմել»,-ասաց Թունյանը:

Նա նկատեց, որ հակառակ դեպքում հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանալու, այս պահին այդ ազդեցությունն են մեղմում, ընդ որում դնում սահուն ժամանկահատված՝ 6 տարի, որ մարդիկ այդ բեռը չզգան: Նոր կանոններով՝ առաջին վճարումը քաղաքացիները կատարելու են 2021 թվականի դեկտեմբերին՝ ընդ որում նոր գույքահարկերի 25 տոկոսի չափով: «Այսինքն` խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի բարձրացման մասին, այդքան էլ արդարացի չէ»,-ասաց պատգամավորը: 

Թունյանը նաև նշեց, որ պետք է անպայման նկատի ունենալ, որ այդ գումարները գնալու են համայնքային բյուջեներ: «Եվ եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, պետք է նաև ընդունել, որ այդ համայնքներին որոշակի եկամուտներ են պետք, և այդ գումարները չեն ծախսվում նախարարների կամ պատգամավորների անձնական նպատակներով: Դրանք ծախելու է համայնքի ավագանին»,-ասաց նա ու նշեց՝ այլ հարց է, որ պետք է  հաշվետվողականության ավելի խիստ պայմաններ դնել ավագանիների առջև: 

ՀՀ ազգային ժողովը հունիսի 25-ին ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ըստ էության աստիճանաբար առաջարկվում է գույքային հարկի բեռի բարձրացում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի  նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով  0.05 տոկոս հարկման դրույքաչափ: Ավելի բարձր գույքահարկերին անցնելու սահմանվել է 6 տարի: Այսպիսով՝ անշարժ գույքի սեփականատերերը առաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը:

 

Աննա Գրիգորյան

 

Նյութի աղբյուրը՝ armenpress.am