ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկու հետ:
Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Լիմիտովսկուն հանդիպումը նախաձեռնելու համար, ինչպես նաև ողջունել անդամակցությունից հետո ԵՆԱԲ-ի՝ Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցը:
Հանդիպման շրջանակներում նախարարը ԵՆԱԲ-ին անդամակցելու համար նախատեսված բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու կապակցությամբ փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկուն պաշտոնապես փոխանցել է ստորագրված բաժանորդագրության և անդամակցության գործիքները՝ ամրագրելով Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը նոր համագործակցության մեկնարկի համար։
Կողմերը պայմանավորվել են ապահովել ու զարգացնել մասնագիտական դաշտում ինտենսիվ շփումների շարունակականությունը:







