ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի հետ:
Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տիկին Սունդքվիստին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու խորացումը՝ հատկապես շարունակվող բարեփոխումների համատեքստում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի (ԴեաԼոԳ) շրջանակներում Շվեդիայի կողմից ֆինանսների նախարարությանը տրամադրված աջակցությանը, մասնավորապես՝ բյուջետային գործընթացի թվայնացման, ֆիսկալ ապակենտրոնացման վերլուծության, ինչպես նաև հարկային ոլորտում Շվեդիայի լավագույն փորձի փոխանակմանը: Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղից տեղահանված հայերի հիմնախնդիրների լուծման նպատակով Շվեդիայի ցուցաբերած աջակցության համար: Նա կարևորել է Հայաստանի՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շահառու հանդիսանալու փաստը՝ ընդգծելով դրա դերը ֆինանսական կայունության ամրապնդման գործընթացում։
Դեսպան Սունդքվիստն իր հերթին վերահաստատել է հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ գործընկերության ընդլայնման հնարավորությունները։
Այնուհետև նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ոլորտում արձանագրված վերջին զարգացումները և կանխատեսումները։ Քննարկվել է նաև Հայաստանի կողմից կազմակերպվելիք Կլիմայի փոփոխության կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստման ընթացքը և դրա կարևորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունն օրակարգային հարցերի շուրջ՝ նպատակ ունենալով խորացնել ու ընդլայնել հայ-շվեդական գործընկերությունը։







