ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի հետ:
Հանդիպման շրջանակներում նախարար Հովհաննիսյանը մեծապես կարևորել է Բարգուշատի թունելի կառուցման ֆինանսավորման համատեքստում Ֆրանսիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև թունելի կառուցմանն ուղղված ծրագրի շուտափույթ մեկնարկը։ Ապա, անդրադառնալով Հայաստանի և ԶՖԳ-ի միջև նախատեսվող բյուջետային աջակցության վարկային համաձայնագրին, նախարարը հույս է հայտնել վերջինիս նախապայման հանդիսացող, քաղաքականության աղյուսակով սահմանված բարեփոխումների ժամանակին և հաջող իրականացման մասին:
Խոսելով ԶՖԳ-ի հետ համագործակցության այլ ուղղությունների մասին՝ նախարարը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին: