ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի, կանաչ էներգետիկայի, տնտեսության, մարդկային կապիտալի զարգացման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին։ Քննարկվել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների մասնակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման մեխանիզմները, դրանց համապատասխանությունը Հայաստանի ազգային զարգացման ռազմավարական առաջնահերթություններին և ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի նպատակներին։
Ֆրանսուազ Ժակոբը վերահաստատել է ՄԱԿ-ի աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումներին՝ ընդգծելով կազմակերպության պատրաստակամությունը շարունակելու սերտ գործընկերությունը՝ ուղղված երկարաժամկետ կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական գործընթացների շուրջ։ Ընդգծվել է համաժողովի կարևորությունը Հայաստանի համար՝ որպես միջազգային համագործակցության ընդլայնման, բնապահպանական նախաձեռնությունների առաջմղման, ինչպես նաև հնարավոր ֆինանսական և ծրագրային ռեսուրսների ներգրավման կարևոր հարթակ։ Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար շեշտվել է շարունակական և սերտ համագործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են համագործակցության հետագա խորացումն ու համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով ՄԱԿ–Հայաստան գործընկերության բարձր մակարդակը և դրա երկարաժամկետ շարունակականության կարևորությունը։







