ԹԵԺ ԳԻԾ
24.06.2020
Շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը կնվազի. փոխնախարար

Բարեփոխումների կատարման առաջին տարում՝ 2021թ-ից, շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը նվազելու է: Այս մասին այսօր ԱԺ-ում  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

«Նոր կանոններով հաշվարկվող հարկի 25%-ն ավելի փոքր է, քան 2020-ի համար հաշվարկվող հարկը, սակայն հանրագումարում մենք կանխատեսում ենք ունենալ դրական էֆեկտ: Այսինքն՝ եթե հարկային ներուժը 2020-ին գնահատվում էր շուրջ 9 միլիարդ դրամ, ապա այդ նվազումներով հանդերձ՝ 2021-ին այն կլինի շուրջ 9.5 միլիարդ դրամի շրջանակում»,- նշեց Արման Պողոսյանը։

Նա չբացառեց, որ կլինեն որոշ համայնքներ, որտեղ նախագծի ազդեցությունը կլինի բացասական:

Արման Պողոսյանը նշեց, որ հարց կհնչի՝ արդյոք կառավարությունը մտածել է հնարավոր եկամուտների կորուստը փոխհատուցելու մասին։ «Այո, դա մեր ուշադրության կենտրոնում է։ Հանրագումարային արդյունքի դրական լինելու շնորհիվ կփորձենք համահարթեցումը իրականացնել բյուջետային գործընթացի շրջանակներում սուբսիդիաների գործիքի օգնությամբ»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ հարցրեց, թե արդյոք կադաստրային արժեքի որոշման հարցում կա՞ կոնկրետ մեթոդաբանություն, և այդ մեթոդաբանության արդյունքում գույքի շուկայական և կադաստրային գինը չե՞ն ունենա մեծ շեղումներ՝ հաշվի առնելով համավարակի առկայությունը և անշարժ գույքի շուկայում գների տատանողականությունը:

Արման Պողոսյանն ասաց, որ կա գնահատման մեթոդաբանություն, որն ամրագրված է օրենքով, ընդունվել է անցյալ տարվա նոյեմբերին, ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարի 1-ից:

«Այդ գնահատման մեթոդաբանությամբ որոշված կանոններով հաշվարկված տվյալները, որոնք հիմնված են 2018-ի տվյալների վրա, մեզ հիմք են տալիս համոզմունք արտահայտելու առ այն, որ ստացված հարկման բազաներն առնվազն բարձր չեն, եթե չասեմ, որ շուկայական գները շարունակում են բարձր մնալ՝ գնահատված բազաների համեմատությամբ»,- նշեց փոխնախարարը:

Ըստ նրա, գնահատումը կատարվել է 2018-ի տվյալներով և դրան հաջորդող 15 ամսում (նկատի ունի 2018-ի սկզբից մինչև 2020 թվականի մարտը), երբ համավարակային իրավիճակ ստեղծվեց, անշարժ գույքի գները շարունակաբար աճել են և ներկայումս էլ առանձնապես անկում չի դիտվում, պարզապես գործարքների թվաքանակի կրճատում է դիտվում:

«Վերցված է նաև գնահատված արժեքների 80 տոկոսը, այսինքն՝ 20 տոկոսի շեղում, այդուհանանդերձ, թույլատրված է: Այդ առումով մտավախություն չունենք այս պահին։ եթե լինի նման մտավախություն, իրենք կխնդրեն հնարավորություն ընձեռել ու արտահերթ վերագնահատման միջոցառում իրականացնել գույքային միավորների մասով»,- ընդգծեց Արման Պողոսյանը։

Անդրադառնալով պրոգրեսիվ գույքային հարկի անցնելու մասին հարցին՝ փոխնախարարը կարևոր համարեց գույքային հարկի պրոգրեսիվ համակագի և համահարթ եկամտային հարկի համադրությունը:

«Հատկապես հենց այն երկրները, որոնք ունեն համահարթ եկամտային հարկի մոդել, անպայմանորեն պետք է մտածեն օր առաջ իրապես պրոգրեսիվ գույքային հարկերի մոդել ունենալու համար, որպեսզի պետության վերաբաշխող գործառույթը հնարավոր լինի հաջողությամբ իրականացնել»,- ընդգծեց Արման Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հեղինակած օրինագծով նախատեսվում է բարձրացնել գույքահարկը, ինչպես նաև հարկ սահմանել 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքի համար:

 

Նյութի աղբյուրը՝ infoport.am