Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
Անհուսալի ճանաչված վարկային պայմանագրերի տույժ-տուգանքները կներվեն․ Փոփոխություններ հարկային օրենսգրքում
06.10.2020
Անհուսալի ճանաչված վարկային պայմանագրերի տույժ-տուգանքները կներվեն․ Փոփոխություններ հարկային օրենսգրքում

Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագծի նպատակը բանկերի և վարկային կազմակերպությունների համար այնպիսի նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է, որը հնարավորություն կընձեռի 2020-ի օգոստոսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված, չսպասարկված ֆիզիկական անձանց վարկերի գծով հաշվարկված տույժ-տուգանքները ներելու:

«Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է ստեղծված իրավիճակով, երբ շատ վարկառուներ, կորցնելով կայուն եկամտի աղբյուրը, խնդիր ունեն իրենց ներգրաված վարկերի սպասարկման հետ կապված»,-ընդգծել է փոխնախարարը:

Այս փոփոխության թիրախում կարող են հայտնվել շուրջ 230 հազար վարկային պայմանագրեր, որոնք արդեն անհուսալի են ճանաչվել։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր հերթին նշել է, որ ըստ օրենսդրական առաջարկի` բանկն ընդառաջ է գնալու այն վարկառուներին, որոնք ժամկետանց պարտքեր և տույժ-տուգանք ունեն, և եթե  ինչ-ինչ հանգամանքների բերումով բանկը ներում է այդ տուգանքները, միևնույն է, բանկի համար դա համարվում է եկամուտ, որի համար նա շահութահարկ է վճարում: «Առաջարկվող նախագծով հնարավորություն է տրվում, որպեսզի բանկերն այդ հարկը չվճարեն` դժվար իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին օգնելու նպատակով: Եթե բանկերը նման քայլի են գնում, պետությունն էլ իր հերթին է քայլ անում` հարկերից  ազատում վերջիններիս: Վերջնական որոշումը թողնվելու է բանկերին, թե ում տույժ-տուգանքները, վարկերը ներել, բայց պետությունն այդ հնարավորությունը տալիս է, որ բանկն ավելի ազատ լինի իր որոշումների մեջ»,-ներկայացրել է պատգամավորը։

Օրինագիծը 98 կողմ ձայնով ընդունվել է ԱԺ արտահերթ նիստում։