Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
Ազգային ժողովում շարունակվել են 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումները
03.11.2020
Ազգային ժողովում շարունակվել են 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումները

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրել է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքը երկու անգամ փոփոխվել է առաջին անգամ կորոնավիրուսի համավարակով, իսկ երկրորդ անգամ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված։ «Պետք է հաշվի առնել, որ այս վտանգները դեռ չեն անցել և այդ պատճառով անորոշության աստիճանը շարունակում է բարձր մնալ», -նշել է նախարարը։

Նախարարն ընդգծել է, որ 2021 թվականի բյուջեի նախագիծը քննարկման ներկայացվել է մինչև Արցախում ռազմական գործողությունների մեկնարկը, ինչից հետո 2020 թվականի բյուջեում պարտադրված կատարվեցին փոփոխություններ։ Արդյունքում, Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, 2021 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծում արտացոլվել են 2020 թվականի բյուջեի կատարման արդյունքների կանխատեսումներն ու ցուցանիշները, որոնք հետո՝ պատերազմի ժամանակ արդեն փոփոխվել են։

«Նախագիծը մշակվել է այն տրամաբանությամբ, որ խորը անկման ու վերականգնման մեկնարկի դեռևս անորոշ պահի գնահատման պայմաններում հնարավոր լինի հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիայի ճանապարհով կառավարելի միջակայքում պահել ինչպես բյուջետային միջակայքերը, այնպես էլ պարտքի ցուցանիշները, ինչպես նաև նպաստել տնտեսության վերականգնմանը», -ընդգծել է նախարարը։

ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։ Այնուհետև ոլորտային գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտներին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվող ծրագրերն ու կատարելիք ծախսերը։