Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է դեսպաններ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Սվենսոն Պատրիկին և Պավել Չեպլակին
22.01.2021
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է դեսպաններ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Սվենսոն Պատրիկին և Պավել Չեպլակին

ՀՀ ֆինանսների նախարարը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սվենսոն Պատրիկին և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պավել Չեպլակին:

Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել համավարակի դեմ պայքարի և հետպատերազմյան վերականգնման ներկա պայմաններում Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության, մասնավորապես՝ միայն 2020թ. ընթացքում դրամաշնորհային հիմունքներով 68.63 մլն եվրո բյուջետային աջակցության միջոցների տրամադրման համար՝ միաժամանակ կարևորելով ԵՄ ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում:

Անդրադառնալով ԵՄ մակրոֆինանսական աջակցության գործիքից հայկական կողմի օգտվելու հնարավորությանը՝ նախարարն ընդգծել է գործիքի կարևորությունը ոչ միայն ֆինանսական առումով, այլև նաև որպես գիտելիքների, փորձի փոխանակման և բարեփոխումների հնարավորություն դիտարկելու տեսանկյունից:

Դեսպանները հայտնել են իրենց երկրների շահագրգռվածությունը Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, մասնավորապես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը շարունակելու հարցում՝ հետաքրքրվելով ՀՀ ներկա մակրոտնտեսական իրավիճակով և հետագա կանխատեսումներով: Դեսպանները  միաժամանակ ընդգծել են համավարակի և պատերազմի հետևանքների հաղթահարման հարցերում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:

Դեսպանները Հայաստանի հետ հետագա համագործակցության համատեքստում ի թիվս այլ ոլորտների կարևորել են նաև շուկայական տնտեսության, ներդրումային միջավայրի և մարդկային ռեսուրսների ոլորտները:

Անդրադարձ է կատարվել նաև նշյալ երկրների հետ տարբեր ոլորտներում տեխնիկական համագործակցության հնարավորություններին՝ այդ առումով առանձնացնելով ԵՄ աջակցության գործիքները (Twinning, TAIEX):

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով: