Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
Մենք մշտապես մոնիտորինգի ենք ենթարկում պարտքի զարգացումները և բացահայտում դրա հետ կապված ռիսկերը. Ֆինանսների նախարար
04.02.2021
Մենք մշտապես մոնիտորինգի ենք ենթարկում պարտքի զարգացումները և բացահայտում դրա հետ կապված ռիսկերը. Ֆինանսների նախարար

Հայաստանի կառավարությունը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.6% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր։ Եվրապարտատոմսերի տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3.875%: Պահանջարկը գերազանցել է 2.5 միլիարդ դոլարը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ արտառոց ոչինչ չկա, քանի որ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով արդեն իսկ նախատեսված է եղել պարտքի ներգրավում՝ բյուջեի պակասուրդը (դեֆիցիտը) ֆինանսավորելու համար:

«500 մլն դոլարը՝ մոտավորապես 242 մլրդ դրամ, պետական բյուջեով նախատեսված է որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր՝ միջազգային ֆինանսական շուկայից արտարժույթային պարտատոմս ներգրավելու ճանապարհով: Այսինքն՝ սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկած, չնախատեսված պարտքի ներգրավում է, այլ ճիշտ հակառակը՝ օրենքով 2021 թվականի համար դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով  նախատեսված աղբյուրի իրականացում», -նշել է Ֆինանսների նախարարը:

Սակայն, ըստ նախարարի, շուկայի նպաստավոր պայմանները հաշվի առնելով՝ նպատակահարմար է համարվել 250 մլն դոլարով ավելի գումար ներգրավել, քան ի սկզբանե բյուջեով նախատեսված ծրագիրն էր՝ 500 մլն դոլարը։

Նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ նշված 250 մլն դոլարին համարժեք գումարը հաշվառվելու է կայունացման դեպոզիտային հաշվին՝ որպես ֆինանսական բարձիկ՝ ըստ անհրաժեշտության հետագայում տարվա ընթացքում ծագող խնդիրները լուծելու նպատակով օգտագործելու համար:

Անդրադառնալով Հայաստանի պետական պարտքի աճի շուրջ մտահոգություններին, Ատոմ Ջանջուղազյանը նկատել է, որ Ֆինանսների նախարարությունը, որպես պետական պարտքը կառավարող մարմին, նույնպես մտահոգված է այդ խնդրով ու հավելել.

«Բնականաբար, մենք ռիսկերի կառավարման մեր ունեցած գիտելիքի շրջանակում մշտապես մոնիտորինգի ենք ենթարկում պարտքի զարգացումները և հրապարակում արդյունքները: Այսինքն՝ մենք մշտապես բացահայտում ենք, թե ինչ ռիսկեր կան պարտքի հետ կապված, ինչպիսին է այսօր գնահատվում պարտքը»: