ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը  Reuters լրատվական գործակալությանը
11.10.2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը Reuters լրատվական գործակալությանը
Հայաստանը կանխատեսում է 4.3 տոկոս ՀՆԱ-ի աճ և նախատեսում եվրաբոնդերի թողարկում
 
ՀՀ ֆինանսների նախարարը Reuters-ին տեղեկացրել է, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի կգրանցի 4.3 տոկոս աճ, թեև ավելի վաղ կանխատեսվել էր 3.2 տոկոս:
Վարդան Արամյանը նաև նշել է, որ կառավարությունը պլանավորել է 2019 կամ 2020 թվականներին 500 մլն դոլար արժողությամբ եվրաբոնդեր թողարկել` վերաֆինանսավորելու 2013 թվականին թողարկած յոթ տարի մարման ժամկետով պարտատոմսերը:
«Մենք պատրաստվում ենք վերանայել տնտեսական աճի հիմքերը 2017 թվականի համար և 3.2-ի փոխարեն սահմանել իրական տնտեսական աճի 4.3 տոկոսանոց ցուցանիշ այս տարվա համար», - ասել է Վարդան Արամյանը Reuters-ին տված հարցազրույցում:
«Ավելի բարձր աճին նպաստող գործոններն են, հիմնականում, արտադրական ոլորտի և զբոսաշրջության ծառայությունների բարձր աճը… Սպառումը ևս բարելավվում է»:
Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, որը մեծապես կախված է Ռուսաստանից եկող օգնությունից և ներդրումներից, վերականգնվում է արտահանման և փոխանցումների անկումից հետո, որոնց աճն այս տարի նվազել էր մինչև 0.2 տոկոս` 2015 թվականի 3 տոկոսի համեմատ:
Հայաստանի համար Ռուսաստանը արտահանման հիմնական նպատակետն է, թեև այն ևս վերականգնվում է տնտեսական անկումից հետո՝ պայմանավորված նավթի գների թանկացմամբ և միջազգային պատժամիջոցներով:  
Ներկայացնելով 2018 թվականի բյուջեի նախագիծը Ազգային ժողով` Արամյանն ասել է, որ նախատեսվում է, որ հաջորդ տարի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կլինի 4.5 տոկոս:
Արամյանը նշել է, որ տնտեսական ավելի լավ կանխատեսումներին նպաստել է նաև տնտեսական քաղաքականությունը` ներառյալ աջակցությունը արտահանմամբ զբաղվող ձեռնարկություններին և գյուղատնտեսական ոլորտը:
Նախարարն ասել է, որ կառավարությունն առաջիկա տարիներին արտերկրից գումար ներգրավելու կարիք չունի և կֆինանսավորի բյուջեի դեֆիցիտը ներքին պարտքի թողարկման միջոցով:
«Բայց 2020 թվականին 500 մլն դոլար արժողությամբ եվրաբոնդերի մարման պարտավորություն ունենք, և այն վճարելու համար մենք նախատեսում ենք նոր եվրաբոնդեր թողարկել», - ասել է Արամյանը:
Նա տեղեկացրել է, որ թողարկման հեռանկարները կքննարկվեն ներդրողների և «Ջեյ Փի Մորգան» ու  «Ամերիկյան բանկ» բանկերի հետ` հոկտեմբերին կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների ընթացքում:
 
Գնաճ, դրամավարկային քաղաքականություն, պարտք
 
Արամյանի խոսքով` ինքն ակնկալում էր, որ տարեկան գնաճը «2017 թվականին կմտնի 4 տոկոս +/- 1.5 տոկոս թիրախային միջակայք», և 2018 թվականին 4 տոկոսից ցածր կլինի:
Օգոստոսին սպառողական գները Հայաստանում նվազել են 0.4 տոկոսով` ամսական կտրվածքով, բայց աճել են 0.9 տոկոսով` տարվա կտրվածքով:
Երեքշաբթի օրը ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6 տոկոսով:
Սպառողական պահանջարկը և գնաճը պահպանելու նպատակով երկու տարի առաջ հանձն առնելով դրամավարկային քաղաքականության մեղմացումը` Կենտրոնական բանկը վերջին անգամ տոկոսադրույքն իջեցրել է մինչև 6 տոկոս փետրվարի կեսերին:
«Չեմ կարծում, թե կարճաժամկետում կլինի տոկոսադրույքների զգալի աճ կամ նվազում», - ասել է Արամյանը:
Նախարարի կանխատեսմամբ` բյուջեի դեֆիցիտը 2017 թվականին կլինի ազգային արտադրանքի 3.0-3.2 տոկոսների միջակայքում` 2016-ի 5.5 տոկոսի համեմատությամբ, և 2.8 տոկոս` 2018 թվականին:
Ըստ նախարարի` 2017 թվականին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ գնահատվում է 58,8 տոկոս:
«Մեր քաղաքականությունը հետևյալն է. ցուցաբերել ավելի պահպանողական մոտեցում ընթացիկ ծախսերի մասով և ավելի ագրեսիվ շեշտադրում կատարել կապիտալ ծախսերի վրա», - ասել է Արամյանը:
Նա նշել է, որ Կենտրոնական բանկը Forex շուկայում միջամտության կարիք չունի` փոխարժեքը կառավարելու կամ իր արտարժութային պահուստները խթանելու նպատակով, որոնք բավարար են հինգ ամսվա ներմուծման ծախսերը հոգալու համար:
 
Աղբյուրը՝ DailyMail.com