Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նախագծերին
23.11.2017
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նախագծերին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել մասնավոր հատվածի կարծիքը:

Գործընթացի հստակեցման և դյուրացման համար առաջարկվում է այսուհետև բոլոր այն ծախսերը, որոնք կազմում են հիմնական միջոցների սկզբնական արժեքի 5 տոկոսից ավելին, դիտարկել որպես կապիտալ ծախսեր, ինչն էլ զգալիորեն կդյուրացվի տնտեսավարողների գործունեությունը:

Նախարարի ներկայացմամբ գործադիրը հաստատել է նաև ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Վարդան Արամյանը նշել է, որ  հարկաբյուջետային նոր կանոնների մշակման   հարցում  տեխնիկական օժանդակություն  է ցուցաբերել Արժույթի միջազգային հիմնադրամը:

Հիմնական խնդիրն, ըստ նախարարի, հարկաբյուջետային կանոնների մասով գործող իրավակարգավորումների բավականին կոշտ լինելն է:

Նախարարի խոսքով՝ «Պետական պարտքի մասին» օրենքով, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ ի  50 տոկոսը, ապա հաջորդ տարին բյուջեի պակասուրդը պետք է   ծրագրավորել նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելի  և 60 տոկոսի գերազանցման դեպքում պարտքն առ ոչինչ է. ըստ Արամյանի սա խիստ կոշտ մոտեցում է: Շատ երկրները փոխում են այս նորմերը,  հիմնականում կանոնները դնում են ծախսային քաղաքականության մեջ, ինչն էլ փորձում է անել Հայաստանը:

«Նշել ենք երեք շեմ. 40, 50 և 60 տոկոս: Եթե պարտքը 40 տոկոսից ավելի է, պետք է աշխատի այն նորմը, որ երկրի  կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեն, քան պակասուրդը: Եթե 50 տոկոսից ավելի է, ապա անհրաժեշտ է  կոշտացնել պայմանները և կանոն  դնել  ընթացիկ ծախսերի աճի վրա, իսկ եթե պետական պարտքը  գերազանցում է 60 տոկոսը,  ապա  վերը նշված սահմանափակումներից զատ անհրաժեշտ է ընթացիկ ծախսերը համակցել սեփական եկամուտների՝ հատկապես  հարկային եկամուտների հետ»,- պարզաբանել է նախարարը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է մինչև Հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելն առանձին իրավական նորմերի վերանայման անհրաժեշտությամբ:

Նախագծով, մասնավորապես՝ շահաբաժինների հարկման մասով, առաջարկվում է.  հարկել միայն բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով, հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները և այլն:

Նվազագույն շահութահարկի մասով առաջարկվում է նվազագույն շահութահարկի գումարը «չզրոյացնել»՝ թույլ տալով նվազագույն շահութահարկը նվազեցնել շահութահարկի փաստացի գումարի և այդ տարվա շահութահարկի կանխավճարի դրական տարբերություն առաջանալու դեպքում՝ առանց ժամկետային սահմանափակման:

Նախագծով առաջարկվում է նաև վերականգնել ներգնա զբոսաշրջության ոլորտի՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, կապիտալ ծախսի ճանաչման չափանիշներում հստակեցում կատարել, կապիտալ ծախս համարել նաև տարեկան կտրվածքով որոշ տոկոսից ավելի կատարված՝ նյութական ծախս պարունակող և այն չպարունակող ծախսերը, ինչպես նաև առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսները եկամտահարկի հաշվին մարման հնարավորությունը որոշակիորեն նեղացնել՝ այն ուղղելով միայն միջին եւ ցածր եկամուտներ ունեցող խավին: Նախագծով այս հնարավորությունը չի գործի 55 մլն դրամ և ավելի արժողությամբ գործարքների, ինչպես նաև վարկառուի կամ համավարկառուի կողմից երկրորդ գույքը ձեռք բերելու դեպքում:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)