ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
06.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է քննարկվել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ, ոլորտների պատասխանատուներ, հրավիրված այլ անձինք:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտների համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտներում իրականացվող քաղաքականությունը, խոսել առաջիկա ծրագրերի և անելիքների վերաբերյալ:

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ սոցիալական պաշտպանության ոլորտին գալիք տարի նախատեսվում է հատկացնել 408,7 մլրդ դրամ, որն ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշից պակաս է 362 մլն դրամով: Մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովման ծրագրի իրականացման համար նախատեսված է հատկացնել 236 մլրդ դրամ, նպաստների վճարմանը՝ 78,6 մլրդ դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտում իրականացվող քաղաքականությունը, մանրամասն անդրադարձել ծրագրերին և ֆինանսական հատկացումներին: Այսպես՝ ոլորտին հատկացվելու է 80,1 մլրդ դրամ, որը եկող տարվա պետական բյուջեի ծախսային հատվածի 5,4 տոկոսն է: Այս տարվա ֆինանսական ցուցանիշից այն պակաս է 5,8 մլրդ դրամով: Դեղորայքային տրամադրում ծրագրի իրականացման համար կհատկացվի 4,2 մլրդ դրամ, որը 5 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից: Արտահիվանդանոցային ծառայությունների իրականացման նպատակով նախատեսվում է հատկացնել 25,4 մլրդ դրամ: Կշարունակվի 100 000 պետական աշխատողներին սոցփաթեթների հատկացման ծրագիրը, որը փոքր-ինչ նվազել է՝ կապված ոլորտում իրականացվող կրճատումների հետ: 6,3 մլրդ դրամ կուղղվի «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագրի իրականացմանը, 1,5 մլրդ դրամ՝ սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման ծրագրի իրականացմանը:

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները շարունակվել են նաև  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:  Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նշված ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները, իսկ ոլորտների ղեկավարները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Օհանյանը և ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանը՝ իրականացվելիք ծրագրերը:

Մինչև նոյեմբերի 9-ը ժամը՝ 18:00, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կամփոփվեն «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ԱԺ պատգամավորները, խմբակցությունները և մշտական հանձնաժողովները «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները կներկայացնեն ԱԺ աշխատակազմ: