2016 թվականից նոր կառավարությունը խնդիր էր դրել աստիճանաբար դանդաղեցնել ՀՀ կառավարության պարտք / ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպը, որը 2014-2016թթ ընթացքում աճել էր շուրջ 13 տոկոսային կետով, իսկ միայն 2016թ-ին 7.7 տոկոսային կետով (այս ցուցանիշի միանգամից նվազեցումը կտուգաներ տնտեսական աճը):
2017թ-ին կառավարությանը հաջողվեց իր առջև դրած խնդիրն իրագործել, այն է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի արդյունքում պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպն էապես նվազեցվեց և պարտք/ՀՆԱ ցուցանիշն աճեց ընդամենը 1.8 տոկոսային կետով: Իսկ արդեն 2018թ-ին հարկաբյուջետային ծրագրի իրականացման պայմաններում նախատեսվում է պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցում՝ շուրջ 1.3 տոկոսային կետով:
Վերոնշյալ հարկաբյուջետային քաղաքականությունն իրագործվել է պարտքի խելամիտ կառավարման ուղենիշներին համահունչ: Ավելին <<Առաջիկա տարվա ընթացքում մարվող ՊՊ-երի կշիռը ՊՊ-երի ծավալի մեջ (տարեվերջին)>> ցուցանիշը, որը բնութագրում է պարտքի կառավարման ոլորտում կառավարության իրացվելության հետ կապված ռիսկերը (ընդհանուր պարտքի մեջ որքան մեծ է ընթացիկ տարվա մարումները, այդքան կառավարությունը կարող է ընթացիք իրացվելիության դժվարություններ ունենա) 2016թ. 22.9%-ից նվազել է 2017թ. 16.4%-ի՝ գտնվելով իրացվելիության սահմաններում: Ընդ որում այս միտումը շարունակվել է նաև 2018թ-ի ընթացքում:
ՀՀ կառավարության ներքին պարտքի կառավարման ոլորտում այս ժամանակահատվածում իրականացվել են նաև մի շարք բարեփոխումներ.
- ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի զարգացման, շուկայի մասնակիցների համար գործառնական ծախսերը նվազեցնելու նպատակով պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդային համակարգը ՀՀ կենտրոնական բանկից տեղափոխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ, որտեղ պարտատոմսերով գործարքներն իրականացվում են (T+n) սկզբունքով` հետաձգելով գործարքի իրականացման օրն աճուրդի օրից:
- Ներդրվել է Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգ (gp.minfin.am) և ընդլայնվել է Գանձապետական պահառուի միջոցով վաճառվող պարտատոմսերի գործիքակազմը՝ ներկայումս այս համակարգով կարելի է ձեռք բերել թողարկվող բոլոր 4 տեսակի պարտատոմսերը:
- Ներդրվել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգը:
- 2017 թվականին թողարկվեց 30 տարի մարման ժամկետով պետական գանձապետական պարտատոմս:
Արդյունքում՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը ամբողջ կորի երկայնքով նվազել է 3-4 տոկոսային կետով:
ՀՀ կառավարության պարտքի կառավարման ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքում միջազգային կապիտալի շուկաների արձագանքը չի ուշացել և Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի ոչ միայն տոկոսադրույքներն են այս ժամանակահատվածում նվազել, այլ նաև միջազգային ուղենշային պարտատոմսերի նկատմամբ սփրեդն է նվազել, ինչը նշանակում է, որ աճել է մեր երկրի նկատմամբ վստահությունը: