Հունվարի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցության երկամյա ծրագրի առաջին փուլը: Ծրագրի նպատակն է մշակել և ՀՀ ֆինանսների նախարարությունում ներդնել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող՝ տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության բազմակողմանի ազդեցությունների գնահատման գործիքակազմ: Այս միջոցառումն ամրագրված է ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրում և հանդիսանում է ՀՀ կառավարության գերակա խնդիրներից մեկը:
Ծրագրի առաջին փուլում կազմակերպվել է «Մակրոէկոնոմետրիկ կանխատեսում և վերլուծություն» թեմայով դասընթացը, որը վարելու են ԱՄՀ Կարողությունների զարգացման ինստիտուտի գլխավոր տնտեսագետ Ֆելիպե Զենան և Նոր Զելանդիայի Գանձապետարանի քանակական մոդելավորման փորձագետ Մարտին Ֆուկաշը: Դասընթացի նպատակն է զարգացնել ֆինանսների նախարարությունում մակրոտնտեսական կանխատեսումների ու վերլուծությունների կարողությունները՝ հիմքում ունենալով մաթեմատիկական մոդելներ: Դասընթացին մասնակցում են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության մասնագետները: Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ նախագիծը հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթություներից մեկը:
ԱՄՀ-ի կարողությունների զարգացման ինստիտուտի տնտեսագետ Ֆելիպե Զենան ընդգծել է, որ ԱՄՀ-ը կարևորում է ֆինանսական քաղաքականության և կարողությունների զարգացման մասով խորհրդատվության տրամադրումն ու օժանդակությունը: «Հուսով ենք, որ այս դասընթացը հնարավորություն կընձեռի ձեռք բերել հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումների և ռիսկերի գնահատման նոր վերլուծական գործիքակազմ, որը թույլ կտա մշակել և իրականացնել ավելի արդյունավետ քաղաքականություն»,- ասել է նա:
Դասընթացին զուգահեռ մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցների հետ միջազգային փորձի ուսումնասիրության միջոցով սկսվելու են հարկաբյուջետային քաղաքականության մոդելի ընտրության վերաբերյալ քննարկումներ:
Դասընթացները, գործնական աշխատանքներն ու քննարկումները կրելու են շարունակական բնույթ, իսկ դրանց վերջնարդյունքն է լինելու հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության՝ մոդելների վրա հիմնված համակարգի ներդրումը ՀՀ ֆինանսների նախարարությունում, որը թույլ կտա կատարելագործել մակրոտնտեսական կանխատեսումների, տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության, հարկաբյուջետային և տնտեսական ռիսկերի վերլուծության համակարգերը: