Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) միջև համագործակցության վերաբերյալ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հիմնադրվել է 1944թ. Բրետոն Վուդսի համաժողովի ընթացքում (հուլիսի 1-ից 22-ը): ԱՄՀ-ի անդամ են 189 պետություն։
ԱՄՀ-ի հիմնական նպատակներն են.
- միջազգային արժութային համագործակցության խթանումը,
- համաշխարհային առևտրի ընդլայնման և հավասարակշիռ աճի դյուրինացումը,
- փոխարժեքի կայունությանը նպաստումը,
- վճարային համակարգի բազմակողմ համակարգի ստեղծման աջակցումը,
- անդամ պետություններին վստահության հաղորդումը՝ հիմնադրամի ռեսուրսները վերջիններիս համար մատչելի դարձնելով,
- անդամ պետությունների վճարային հաշվեկշռի կարգավորումը։
Հայաստանի Հանրապետությունը ԱՄՀ-ին անդամակցում է 1992թ. մայիսի 28-ից` համաձայն «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» ՀՀ օրենքի:
Մինչ օրս ԱՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են 9 ծրագրեր, և իրականացման փուլում է գտնվում մեկ ծրագիր։ ԱՄՀ-ում ՀՀ քվոտան կազմում է 128.8 մլն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք): Գործող վարկերը կազմում են 340.97 մլն ՀՓԻ (առ 30 հունիսի, 2021թ.):
ԱՄՀ-ի կողմից 2019 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլարին համարժեք) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:
Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակներում ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ ծրագրի նպատակայնությունը փոխելու և Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները օգտագործելու նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև ԱՄՀ արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) ներգրավելու ուղղությամբ։
Արդյունքում, 2020 թվականի մայիսի 23-ին և հունիս 1-ին Հայաստանի Հանրապետության և ԱՄՀ-ի միջև ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը, որով հասանելի են դարձել ընդհանուր առմամբ շուրջ 231.714 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։
Հիմնադրամը բացի վարկերից անդամ երկրներին տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն և ուսուցում մի շարք ոլորտների համար, ինչպիսիք են՝ երկրի կենտրոնական բանկի քաղաքականությունը, դրամավարկային և արժութային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը և վարչարարությունը, ինչպես նաև պաշտոնական վիճակագրությունը:
Վերջին տարիներին Հիմնադրամի կողմից տրամադրվելիք տեխնիկական աջակցությունը համապատասխանեցվում է Պահուստային ծրագրի ներքո իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների հետ: