Մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում (PADOS II)» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) համատեղ ջանքերով:
Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների անձնակազմի կառավարման ոլորտի մասնագետներ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումների դերը՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարմանը:
«Ֆինանսների նախարարությունում մենք նպատակ ունենք զարգացնել երկու կարևորագույն ուղղություն` մարդկային ռեսուրսների կառավարումը և թվային տեխնոլոգիաների ներդրումը: Աշխատաժողովը լավ հնարավորություն է ընձեռում համեմատականներ և զուգահեռներ անցկացնել մեր և աշխարհում եղած փորձի միջև», - ասել է նախարար Արամյանը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ այս ծրագիրը արևելյան գործընկերության հանրային կառավարման արդյունավետության բարձրացման և կատարելագործման ժամանակակից միտումներով, առաջադեմ գիտելիքների և փորձի փոխանակման հաջողված հարթակ է: «Այս ծրագիրը նպաստել է և շարունակում է նպաստել մեր երկրում կառավարման համակարգի բարեփոխումներին: Բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը բխում է պետական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման, մարդկային ռեսուրսների կառավարումը պետության ռազմավարական նպատակներին առավել համապատասխանեցնելու, հաշվետվողականության, թափանցիկության, պրոֆեսիոնալիզմի և այլ առաջնահերթություններից», - նշել է Մանվել Բադալյանը:
Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը իր գոհունակությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանրային առաջնորդության և մարդկային ռեսուրսների զարգացումը առանցքային բաղադրիչ է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և բարձր ֆունկցիոնալությամբ հանրային վարչարարություն կառուցելու համար:
Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ՔԾԽ, Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության, ինչպես նաև Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) ներկայացուցիչներ, որին հաջորդել է քննարկում ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ: