«Euromoney» համաժողովի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումի հրավերով Վիեննայում երկօրյա աշխատանքային այցով գտնվող ՀՀ ֆինանսների նախարար, հայ-ավստրիական երկկողմ արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների միջկառավարական խառը հանձնաժողովի հայկական կողմի նախագահող Վարդան Արամյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության Թվայնացման, գործարարության և ձեռնարկատիրության նախարարի տեղակալ, հանձնաժողովի ավստրիական կողմի նախագահող Բերնադետ Գիրլինգերի հետ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-ավստրիական համագործակցության կառույցի առաջիկա 8-րդ նիստի նախապատրաստման շուրջ: Քննարկվել են նաև 2016թ. ապրիլին Վիեննայում տեղի ունեցած հանձնաժողովի 7-րդ նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ոլորտային մակարդակով տեղեկատվությունը, և փորձը փոխանակելու ու կողմերի հանձնառությունները լավագույնս ի կատար ածելու ուղիները:
Վիեննայում անցկացվող «Euromoney» համաժողովի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպել է նաև ներդրողների և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական վերջին զարգացումներն ու հետագա կանխատեսումները: Նախարարը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին: