Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է  «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը»
12.12.2019
Գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը»

ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ քննարկվել է առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը»:

Նիստին ներկա են եղել ֆինանսական և հարկային ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կառույցների՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Քննարկմանը հրավիրված առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդհանուր կետերով ներկայացրել է «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի» նպատակը, որը, ըստ նրա, բնակչության համար առողջապահական ծածկույթ ապահովելն է, ինչի արդյունքում մարդիկ կապահովվեն հիմնական բժշկական ծառայություններով ու դեղորայքով: Հայեցակարգով առաջարկվում է առողջության համապարփակ ապահովագրության համար գանձել 6 տոկոս եկամտահարկ: «Սա ոչ թե ավանդական ապահովագրության համակարգ է, այլ ավելի շուտ սոցիալական ապահովության համակարգ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ անկախ տարիքային, ֆինանսական կարգավիճակներից, օգտվել բժշկական ծառայություններից», -նշել է առողջապահության փոխնախարարը:

Քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հստակեցրել է, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունն է մինչև 2023 թվականը շարունակաբար նվազեցնել քաղաքացիների միասնական եկամտային հարկի դրույքաչափը: «Կառավարության հռչակած քաղաքականությունն է՝ ունենալ արտահանմանը միտված տնտեսություն, ունենալ բարձրորակ աշխատուժի հնարավորինս ցածր հարկային բեռ», -ընդգծել է Արման Պողոսյանը՝ նկատելով, որ առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ:

Հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ մրցունակության խնդիրներ կարող են առաջանալ: «Մենք պատրաստ ենք առողջապահության  նախարարության մեր գործընկերների հետ քննարկել ներկայացված նախագիծը, որովհետև այս համակարգի ներդրման դեպքում տնտեսական մրցունակության առումով մենք խնդիր ենք ունենալու: Տնտեսական համագործակցության  և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների նկատմամբ Հայաստանում  միջին վիճակագրական  ընտանիքը ավելի շատ է հարկվում և հիմա ներդնելով այս համակարգը դուրս ենք մնում մրցունակությունից, ուստի մենք հակված չենք աշխատավարձի վրա հավելյալ հարկ կիրառելուն»,- նշել է փոխնախարարը:

Քննարկման մասնակիցները հիմնականում մտահոգություններ են հայտնել ներկայացված համակարգի վերաբերյալ: Լսելով մտահոգություններն ու հնչած առաջարկները, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հորդորել է առաջարկները ի մի բերել և ներկայացնել քննարկման:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: