Գնումների համակարգի բարեփոխումների շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում փոփոխությունների կատարման հերթական գործընթացը:
Միաժամանակ ՀՀ կառավարության փետրվարի 4-ին ընդունված N 142-Լ որոշմամբ որպես միջոցառում սահմանված է պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի մշակումը և գործարկումը:
Մասնավորապես, նախատեսվում է պետական գնումների գործող կարգավորումների շրջանակներում ձևավորել միջանկյալ կիրառության հակաճգնաժամային մեխանիզմ՝ ներդնելով ժամանակավոր խթաններ հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների օգտագործումը խթանելու նպատակով՝ սահմանելով, որ եթե հաղթող մասնակիցը՝ անկախ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից, պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան X%-ի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսներ, ապա վերջինիս սուբսիդավորման եղանակով կարող է փոխհատուցվել պայմանագրի արժեքի X %-ը:
Կարևորելով շահագրգիռ անձանց ներգրավվածությունը հիշյալ գործընթացին, վերջիններս իրենց առաջարկությունները՝ ինչպես իրավական ակտերում փոփոխությունների կատարման, այնպես էլ նշված միջոցառման ապահովման վերաբերյալ, կարող են մինչև 2021թ. փետրվարի 24-ը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ sergey.shahnazaryan@minfin.am էլեկտրոնային փոստի հասցեով: