Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Գործադիրը հաստատել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նախագծերը
08.02.2018
Գործադիրը հաստատել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նախագծերը

Փետրվարի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին» արձանագրային որոշման նախագիծը:

Արամյանը նշել է, որ նախագիծը մշակել են ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորները և ընդգծել, որ 2017 թվականի օգոստոսին ներկայացված նույն նախագծի համեմատ փոփոխվել է միայն հիմնավորումը:

Նախարարը հստակեցրել է, որ եթե նախկինում, ըստ պատգամավորների, օրենքի կարգավորման անհրաժեշտությունը նպատակ ուներ կանխարգելելու զինված ուժերի սպայական կազմի գործունեությունը, ապա այս նախագիծն ուղղակի կապվում է նոր ընդունված՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հետ:

Ըստ նախագծի՝ այդ օրենքում կան հասկացություններ, որոնք կարող են զինվորական ծառայություն ունեցող քաղաքացիների համար գույքահարկի վճարման խնդիր առաջացնել:

«Նախագծի էությունն այն է, որ առաջարկվում է գույքահարկի արտոնություն համատարած բոլորի համար, ընդ որում՝ ոչ միայն սեփական օգտագործման, այլ նաև հանրային նշանակության գույքերի նկատմամբ, որը ճիշտ չէ, որովհետև դրանք եկամուտներ են գեներացնում, ու անկախ՝ որ ոլորտում է զբաղված անձը, այդ եկամուտները պետք է հարկվեն», - նշել է Վարդան Արամյանը և հավելել, որ ներկայացված նախագծով արտոնություն է տրվում՝ անկախ սոցիալական վիճակից, եկամուտների մեծությունից: Նախարարի խոսքով՝ դա ճիշտ գործիքը չէ, եկամուտները պետք է ավելի արդյունավետ օգտագործվեն: Արամյանը մասնավորեցրել է նաև, որ այս տարբերակով բեռն ամբողջությամբ ընկնում է տեղական ինքնակառավարման մարմինների եկամուտների վրա:

Ըստ նախարարի՝ օրենքի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված կարգավորմամբ՝ գույքահարկի արտոնություն է տրվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց՝ վերջիններիս սեփականության (կամ համասեփականության) իրավունքով պատկանող գույքի մասով:

Երկրորդ՝ գույքահարկից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը:

Այդ պայմաններում, ըստ նախարար Վարդան Արամյանի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները նպատակահարմար չեն:

Նախարար Վարդան Արամյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել նաև «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքին գույք նվիրաբերելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով Ճամբարակ համայնքի ուսումնական հաստատություններին և այլ վարչական կառույցներին կնվիրաբերվի 11,7 մլն դրամ ընդհանուր արժողությամբ կահույք և համակարգիչներ։

«Շարժական գույքը ֆինանսների նախարարությանն էր անցել «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փակվելուց հետո, և այդտեղ ունենք բավականին լավ պահպանված, հիմնականում նոր գույք: Ճամբարակ համայնքի համայնքապետը մեզ դիմել է նամակով, ուստի խնդրում ենք կառավարության թույլտվությունը, որպեսզի այս ամբողջ գույքը նվիրաբերենք սահմանամերձ Ճամբարակ համայնքին», - նշել է նախարար Վարդան Արամյանը:

Կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Վարդան Արամյանը նշել է, որ որոշման մեջ փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, այն է՝ 2017 թվականին նախարարության կողմից ներդրված գնումների նոր համակարգը պետք է մշտապես պահել դիտակետում, որպեսզի ընթացքում որևիցե խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծումներ տրվեն` համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ: Նախարար Արամյանի խոսքով՝ ակտիվ աշխատանք է տարվել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Թրասփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ների հետ, և այն կարգավորումները, որ տրվել են նախագծով, վերաբերում են նրանց կողմից բարձրացված խնդիրներին:

Գնումների գործընթացի կազմակերպման կարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով կհստակեցվեն կիրառման ժամանակ ի հայտ եկած և տարաբնույթ մեկնաբանման տեղիք տվող դրույթները, կպարզեցվեն գնման գործընթացին մասնակցության պայմանները: Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը:

 

 

 

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...