05.05.1920թ. -23.11.1920թ.
Գուլխանդանյան Աբրահամ Սահակի (1875-1946)
Ծնվել է Էջմիածնում։ Ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Բարձրագույն կրթությունն ստացել է Յարոսլավլում, մասնագիտությամբ` իրավաբան։ 1894թ. անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը։ 1898թ. հաստատվել է Բաքվում, ուր աշխատում և ապրում էր մեծ եղբայրը՝ Անդրեասը։ Երդվյալ հավատարմատար։ Գործուն մասնակցություն է ունեցել Բաքվի ազգային-հասարակական կյանքին։ 1918թ. ընտրվել է Բաքվի Հայոց Ազգային Խորհրդի նախագահ։ Հայաստանի անկախության հռչակումից հետո (1918թ. վերջերին) տեղափոխվել է Երևան։ Հանրապետության պառլամենտի պատգամավոր Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունում (1919թ. օգոստոս) եղել է ներքին գործոց և արդարադատության նախարար, Համո Օհանջանյանի կառավարությունում՝ արդարադատության և ֆինանսների նախարար (համատեղությամբ)։ 1920թ. նոյեմբերին մասնակցել է Ալեքսանդրապոլի թուրք-հայկական բանակցություններին Ալ.Խատիսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ 1920թ. դեկտեմբերին արտաքսվել է Հայաստանից։ Արտասահմանում ևս շարունակել է քաղաքական-հասարակական, ազգային գործունեությունը։ Ի թիվս մի շարք հոդվածների ու աշխատությունների` գրել է «Բաքվի հերոսամարտը» հուշագրությունը։ Վախճանվել է Փարիզում 1946թ.։