Նոյեմբերի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը և աշխատակազմի բյուջետային ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու Ժորա Ասատրյանը։ Ուսանողներին ներկայացվել են պետական պարտքի կառավարման մեխանիզմների մշակման և արդյունավետ գործարկման, բյուջետային և այլ գործընթացների մանրամասները, պետական պարտքի կառավարման ոլորտում այլ երկրների փորձը:
Ուսանողների կողմից հնչեցված այն հարցին, թե արդյոք Հայաստանը դասվում է բարձր պետական պարտք ունեցող երկրների շարքին` Արշալույս Մարգարյանը պարզաբանել է, որ մեր երկիրը գտնվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում` ընդգծելով, որ նորանկախ Հայաստանը երբևէ չի ունեցել չմարված արտաքին պարտք:
Հանդիպումն անցել է ուսանողների հետ հարց ու պատասխանի ձևաչափով:
Ուսանողները շնորհակալություն են հայտնել արդյունավետ քննարկման համար և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս կազմակերպել նմանատիպ հանդիպումներ: