Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կառավարությունը վերանայում է եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան տալիս ընդգծված սոցիալական նշանակություն. ֆինանսների նախարար
12.08.2021
Կառավարությունը վերանայում է եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան տալիս ընդգծված սոցիալական նշանակություն. ֆինանսների նախարար

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 12-ին տեղի ունեցած նիստում հաստատել է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի փոխել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման ուղղվածություն: Ինչպես նաև կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն», - կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Այսպես, նախագծով առաջարկվում է Երևանի վարչական սահմաններում, ըստ գոտիա­­­կանության և ըստ տարիների, աստիճա­նա­բար կրճատել հիպո­թեքային վարկի սպա­սարկ­­ման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոս­ների գումար­­ների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­­կարգի կիրառության շրջա­նակը։

Մասնավո­րա­պես, նախագծով առա­ջարկ­վում է սահ­մանել, որ եկամտային հարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չի լինելու՝

ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առա­ջին գոտում,

բ․ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,

գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի  երրորդ գոտում,

դ․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ այս սահ­մա­նա­փա­կումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստաց­ված շինարարական թույլ­տվու­­թյունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազ­մա­բնա­կա­րան բնակելի շենքերի բնակարանների մասով։

Շատ կարևոր է նաև այն, որ նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև այս նախագծով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջա­նակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումար­ները, այնպես, ինչպես ստանում էին մինչև այս փոփոխությունը։ Այսինքն, կատարվող օրենսդրական փոփոխությունը հետադարձ ուժ չունի։

Նախարարի ներկայացմամբ, հիպոթեքային վարկի դեպքում կառավարության սահմանած արտոնության կիրառության և հատկապես վերջին երկու տարիների ընթացքում կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է. եթե 2015-2017թթ. ծրագրի նոր շահառու է եղել տարեկան շուրջ 800 մարդ, ապա 2018-2019 թթ. շահառուների տարեկան քանակը աճել է՝ կազմելով 2000, իսկ 2020-ին նոր շահառուները եղել են 5200:

«Այս տարիների ընթացքում կտրուկ աճել են նաև պետական բյուջեից մեր հայրենակիցներին վերադարձվող եկամտային հարկի գումարները. եթե 2016-2017թթ. պետական բյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019-ին աճը կազմել է 3.3 մլրդ, իսկ 2020-ին՝ 5.4 մլրդ դրամ՝ միայն 2020 թվականին հանրագումարով հասնելով 13.3 մլրդ դրամի», -նշել է նախարարը:

Այս պահի դրությամբ հիպոթեքային վարկի տոկոսագումարի չափով եկամտահարկի վերադարձի ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 17 հազարը: Այս տարվա վերջին շահառուների թիվը կհասնի 20 հազարի, իսկ հատկացվելիք գումարը՝ շուրջ 21 մլրդ դրամ:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ բնակարանների կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում, մասնավորապես՝ Երևանի կենտրոնական հատվածներում և Երևանից դուրս կառուցապատումը շատ աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը: Ըստ ներկայացված տվյալի, մինչ այժմ հիպոթեքային վարկի մասով եկամտային հարկի արտոնություն ստացող շահառուների քանակը ընդամենը 7 տոկոս է, մնացած գեակշիռ մասը գտնվել է Երևանում:

«Առաջարկվող փոփոխությամբ նպատակ ունենք տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածություն և կընդգծի դրա սոցիալական բնույթը: Առաջիկա երեք տարիների ընթացքում այդպիսի ուղղորդումը կազդի Երևանում բնակարանային շինարարության ավելի համաչափ բաշխվածությանը, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխվեն Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր», -ընդգծել է նախարարը:

Տեսանյութը՝ այստեղ

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...