Հաշվի առնելով հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեությանն առնչվող նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ բազմաթիվ հարցադրումները՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է հետևյալը.
2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն փորձագետ հաշվապահները և աուդիտորները: Այն դեպքում, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարում է մասնագիտացված կազմակերպությունը, ապա վերջինիս կողմից գլխավոր հաշվապահի գործառույթներն իրականացնող լիազորված անձը ևս պետք է լինի փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր:
Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների, խոշոր կազմակերպությունների և միջին կազմակերպությունների սահմանումները և դասակարգման չափանիշները ներկայացված են Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերում։
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն` փորձագետ հաշվապահը մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձն է, որն ունի փորձագետ հաշվապահի որակավորում։
Միաժամանակ, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աուդիտորը մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձն է, որն ունի աուդիտորի որակավորում։
Ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված միակ մասնագիտացված կառույցը «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ն է (www.aaaa.am), հետևաբար հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն վերը նշված մասնագիտացված կառույցի Ռեեստրում գրանցված փորձագետ հաշվապահները և աուդիտորները, որոնց ցանկը հրապարակված է կառույցի պաշտոնական կայքի «Ռեեստր» բաժնում (http://reestr.aaaa.am/)։