Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ
2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝
- hանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները.
- խոշոր կազմակերպությունները.
- միջին կազմակերպությունները.
- խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է.
- խոշոր խմբերը.
- միջին խմբերը:
Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով (ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը ներառում է ֆինանսական հաշվետվությունների բոլոր ձևերը, այդ թվում` ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները) հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով սահմանված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների, խոշոր կազմակերպությունների և միջին կազմակերպությունների սահմանումները` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նույնականացվել են 530 կազմակերպություններ (կից ներկայացվում է), որոնց 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի և հրապարակման. ընդ որում, ցանկը սպառիչ չէ, քանի որ կազմված է ՀՀ ֆինանսների նախարարությունում այս պահի դրությամբ առկա տեղեկատվության հիման վրա:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կից ցանկում ներկայացված կազմակերպությունները պարտավոր են մինչև 2023 թվականի հունիսի 30-ը հրապարակել իրենց 2022 թվականի աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները:
Միաժամանակ հայտնում ենք, որ Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները կարող է հրապարակել՝
- իր ինտերնետային կայքում կամ
- http://www.azdarar.am ինտերնետային կայքում կամ
- ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում:
Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև http://www.azdarar.am ինտերնետային կայքում:
Ֆինանսական հաշվետվությունները հրապարակումից հետո առնվազն 5 տարի պետք է պահպանվեն այն կայքում, որտեղ դրանք հրապարակվել են: