Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հարցազրույցը Business Media Georgia-ին
17.06.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հարցազրույցը Business Media Georgia-ին

- Պարո՛ն նախարար, 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է ավելի քան 14%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Արդյո՞ք դա իսկապես Հայաստանի տնտեսության զարգացման արդյունքն է, թե՞ այն իր իրական ներուժից ավելի արագ է աճում։

- Դուք ճիշտ եք. մեր տնտեսությունը վերջին տարիներին իր ներուժից ավելի արագ էր աճում: Իհարկե, լավ նորությունն այն է, որ այս ընթացքում ավելացել է նաև մեր ներուժը: Երբ խոսում ենք առաջին եռամսյակի մասին, նախ պետք է նշենք, որ ՀՆԱ-ի աճը եղել է 9%-ի սահմաններում, բայց կա նաև վիճակագրական կոմիտեի կողմից կրկնակի ստուգման գործընթաց: Այսպիսով, իրական աճի մեր գնահատականը մոտ 7,5% է: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հոսքերը, այդ թվում՝ ոսկերչական իրերը, որոնք կան մեր տնտեսությունում, և մենք պետք է ֆիլտրենք, որպեսզի իրական պատկերացում ունենանք, թե ինչ է կատարվում մեր տնտեսությունում։

- Պարո՛ն նախարար, ոսկերչության և արդյունաբերության մասին. Ձեր կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունը ցույց տալի՞ս է հոլանդական հիվանդության նշաններ՝ ավելի կախյալ դառնալով արտաքին գործոններից։

- Իհարկե, մեր տնտեսությունը, լինելով փոքր, մեծապես ազդեցություն է կրում արտաքին գործոններից և, այո, կա ռիսկ, բայց մենք ջանքեր ենք գործադրում՝ դիվերսիֆիկացնելու մեր տնտեսությունը: Արտաքին տնտեսություններից կախում ունենալով հանդերձ՝ մենք պետք է դիվերսիֆիկացնենք տնտեսությունը և նվազեցնենք կախվածությունը միայն մեկ տնտեսությունից: Թեև, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ մենք Եվրասիական տնտեսական միության մաս ենք, և մեր առևտրային հոսքերի մեծ մասը, բնականաբար, տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության հետ։ Այնուամենայնիվ, մեր բիզնեսի արտադրողականության բարձրացումը և մեր մասնավոր հատվածի մրցունակությունն այլընտրանք չունեն, եթե ցանկանում ենք ունենալ երկարատև կայուն աճ և խուսափել տուրբուլենտությունից, որը կարող է տեղի ունենալ ցանկացած արտաքին գործոնի փոփոխության դեպքում:

- Պարո՛ն նախարար, ի՞նչ է անում կառավարությունը Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերն առաջ մղելու համար։

- Մենք գյուղատնտեսության աջակցության մեծ փաթեթ ունենք՝ Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Կարծում եմ՝ 2023 թվականին ոլորտին տրամադրվել է ավելի քան 40 մլրդ դրամ, և մենք տեսնում ենք, որ ինտենսիվ այգիների ծավալներն աճել են։ Մենք աջակցություն ունենք ՏՏ ոլորտին, և հուսով եմ, որ շատ շուտով մենք աջակցության նոր փաթեթ կներկայացնենք ՏՏ ոլորտի հետ կապված, քանի որ գիտեք, որ աշխարհում բարձր մրցակցություն կա՝ ներգրավելու և պահպանելու լավ ու որակյալ ՏՏ մասնագետներին, և մենք ցանկանում ենք ստեղծել անհրաժեշտ միջավայր, որպեսզի համաշխարհային ՏՏ ընկերությունները ներկայացված լինեն Հայաստանում և լավ պայմաններ ունենան աշխատակիցների` այստեղ ապրելու համար։ Մենք նաև շատ գրավիչ աջակցություն ենք տրամադրում բիզնեսների արդիականացմանը, օրինակ՝ մենք սուբսիդավորում ենք լիզինգի տոկոսադրույքները, եթե որևէ բիզնես ցանկանում է ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաներում: Մենք սուբսիդավորում ենք ՏՏ գնումները, եթե որևէ մեկը ցանկանում է բարձրացնել արտադրողականությունն ու արդյունավետությունը՝ ներդրումներ կատարելով թվայնացման և մի շարք այլ ոլորտներում: Այսինքն, տարբեր եղանակներով՝ նաև բարելավելով մեր մաքսային ընթացակարգերը, ցանկանում ենք աջակցել մեր բիզնեսին, որպեսզի նրանք ավելի արդյունավետ լինեն առևտրի և արտահանման մեջ:

- Ինչպե՞ս եք դիտարկում Հայաստանի մրցակցային առավելությունը տարածաշրջանում ներդրողների ներգրավման առումով։

- Կարծում եմ, որ Հայաստանը պետք է դիրքավորվի որպես բարձր տեխնոլոգիական կենտրոն, ինչպիսին նաև Խորհրդային Միության ժամանակ էր, և նորարարական տեխնոլոգիական լուծումներ տրամադրի ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Վերջին տարիներին մենք տեսնում ենք դրական ազդակներ այս ուղղությամբ, և նաև ներկայումս ակտիվորեն քննարկում ենք մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը «Միջին միջանցք»-ում, և ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է լինի մի երկիր, որն աջակցում է ընդհանուր տարածաշրջանին՝ դառնալու Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային միջանցք:

- Ի՞նչ կասեք տարեվերջի տնտեսական աճի կանխատեսման վերաբերյալ։

- Ընդհանուր առմամբ, ֆինանսների նախարարությունում մենք մշակում ենք տնտեսական աճի տարբեր սցենարներ և, ինչպես գիտեք, մեր բյուջեով ունենք թիրախային 7% աճ, և սովորաբար մենք Կառավարությանը ներկայացնում ենք, թե ինչ պետք է անել այս թիրախին հասնելու համար։ Վերջերս մենք վերլուծություն ենք կատարել և, իհարկե, ինչպես ասացի, ունենք տարբեր սցենարներ, բայց ներկայիս սցենարով, որն ամենահավանականն է մեր կարծիքով, թեև շատ բան կարող է փոխվել տարվա ընթացքում, կարծում ենք, որ այն մոտավորապես կկազմի 7% կամ, գուցե, մի փոքր ցածր:

- Որքանո՞վ է կառավարելի Հայաստանի պետական պարտքը և որքանո՞վ է այն մեծանալու մինչև տարեվերջ։

-Ինչպես գիտեք, վերջին տարիներին մենք ունեցել ենք նշանակալի արդյունքներ. վերջին երկու տարում կարողացանք մեր պարտքը 63%-ից իջեցնել 47%-ի, իսկ մյուս դրական արդյունքն այն է, որ մեզ հաջողվեց ավելացնել ներքին պարտքի  մասնաբաժինը, որը հիմա 50%-ից մի փոքր ցածր է: Սա մեզ թույլ է տալիս գտնվել մի վիճակում, որտեղ պարտքը շատ կայուն մակարդակի վրա է, և մեր վարկանիշի վերջին փոփոխությունները վարկանիշային գործակալությունների կողմից դա են փաստում։ Վստահ ենք, որ մինչև տարեվերջ մենք կպահպանենք մեր պետական ​​պարտքի մակարդակը 50%-ից ցածր:

- Հայաստանը և Վրաստանը միմյանց համար կարևորագույն առևտրային գործընկերներ են: Կա՞ն մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար համատեղ աշխատանքներ են իրականացվում:

- Ֆինանսների նախարարությունն ակտիվորեն ներգրավված չէ այս քննարկումներում, բայց ես գիտեմ, որ ՊԵԿ-ի մեր գործընկերները սերտորեն աշխատում են Վրաստանի ֆինանսների նախարարության հետ, քանի որ Վրաստանում ֆինանսների նախարարությունը պատասխանատու է նաև մաքսային և հարկային ոլորտների համար: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք ներդաշնակեցնում ենք մեր ջանքերը` անխափան աշխատանք ապահովելու համար: Ցանկանում եմ նաև նշել, որ Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարարությունների միջև կա ակտիվ համագործակցություն, և արդեն ավանդույթ են դառնում մեր ամենամյա հանդիպումները,  որոնց շրջանակներում քննարկում ենք մեր հարկաբյուջետային քաղաքականությունները և ապագայի կանխատեսումները` կիսվելով և սովորելով միմյանցից: Ես կարծում եմ, որ սա շատ դրական քայլ է, որը հետագայում կարող է վերածվել ավելի լայն տարածաշրջանային համագործակցության: Մենք հանդիպել ենք նախորդ տարի ամռանը Հայաստանում և հիմա պլանավորում ենք մեր հաջորդ հանդիպումը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ԶՖԳ տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...