Հայաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ նոր եվրապարտատոմսերի թողարկում մինչև 2027 թվականը չի նախատեսվում
Հարավկովկասյան երկիրն Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրից հետո նպատակ ունի տնտեսական աճն ապահովել բանկային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացման միջոցով
Համառոտ
- Հայաստանը ձեռնպահ կմնա նոր եվրապարտատոմսերի թողարկումից առնվազն մինչև 2027 թվականը դրանց սպասարկման բարձր ծախսի պատճառով՝ չնայած վերջերս թողարկված 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսի նկատմամբ մեծ պահանջարկի։
- Կառավարությունը նպատակ ունի աստիճանաբար կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը և 2025 թվականի 5.5% դեֆիցիտը մինչև 2028 թվականը հասցնել 2.8%-ի՝ միաժամանակ աջակցելով փախստականների ինտեգրմանը և ազգային անվտանգության ծախսերին։
- Տեխնոլոգիական ոլորտի զարգացումը, որը դրսևորվում է հարկային արտոնությունների, ինչպես նաև Nvidia, Levi Semiconductor և նման ընկերությունների կողմից արտասահմանյան ներդրումների աջակցությամբ, դառնում է Հայաստանի տնտեսական ռազմավարության հիմնական հենասյուներից մեկը:
Հայաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Հայաստանը չի նախատեսում նոր եվրապարտատոմսերի թողարկում մինչև առնվազն 2027 թվականը՝ նշելով, որ նման որոշումը պայմանավորված է կապիտալի միջազգային շուկայում ներկայիս բարձր տոկոսադրույքների միջավայրում եվրապարտատոմսերի՝ վերջին թողարկման ժամանակ գրանցված բարձր եկամտաբերությամբ։
Չնայած մարտ ամսին թողարկված 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է առաջարկը, 10 տարի մարման ժամկետով թողարկված պարտատոմսի եկամտաբերությունը կազմել է 7.1%, ինչը նախորդ՝ չորս տարի առաջ թողարկված եվրապարտատոմսի 3.9 % եկամտաբերության համեմատ զգալիորեն բարձր է։
«Մենք շրջանառության մեջ ունենք եվրապարտատոմսերի երեք թողարկում և շուկայում տեսել ենք դրանց գինը, որը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով», – ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը The Banker-ի հետ զրույցի ժամանակ՝ Ասիական զարգացման բանկի՝ Միլանում ընթացող տարեկան համաժողովի շրջանակներում։ «Եթե կարող ենք ինքնուրույն կառավարել մեր պարտքը, ինչու՞ պետք է ցանկանանք թանկ արժողությամբ պարտատոմս թողարկել»։
Նախարարի խոսքով՝ մարտին թողարկված պարտատոմսերից ստացված զուտ հասույթը կօգտագործվի երկրի պետական պարտքի ֆինանսավորման համար, որը, չնայած տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ դոլարով աճել է 5.8%-ով, դեռ գտնվում է անվտանգ մակարդակում։ 2024 թվականի արդյունքներով՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13.5 միլիարդ դոլար։
«2025 թվականի բյուջեով մենք նախատեսել ենք 5.5% դեֆիցիտ՝ Լեռնային Ղարաբաղի փախստականներին աջակցելու և ազգային անվտանգության ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով։ Որոշել ենք հաջորդ տարիների համար նախատեսված որոշ ծախսեր իրականացնել արդեն այս փուլում։ 2028 թվականի համար բյուջեի դեֆիցիտի 2.8% թիրախ ենք սահմանել»։
«Հայաստանում Nvidia-ի նման տեխնոլոգիական ընկերությունների մեծ ներհոսք կա։ Մենք շատ ուժեղ ենք չիպերի նախագծման ոլորտում»։
Վահե Հովհաննիսյան, ՀՀ ֆինանսների նախարար
Հովհաննիսյանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ վերջերս մշակված Խաղաղության համաձայնագիրը, որը վերջ կդնի երկու երկրների միջև 35 տարի տևած հակամարտությանը, կօգնի բարձրացնել ներդրողների վստահությունը տարածաշրջանի նկատմամբ։
«Մեր ցամաքային սահմանների մեծ մասը փակ է, սակայն երբ կարողանանք դրանք բացել, ամբողջությամբ կփոխվեն տարածաշրջանի տեսքն ու զարգացման հեռանկարները», – նշել է նա։
Ըստ Խաղաղության համաձայնագրի՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը հակամարտության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ «2023 թվականին Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել տարածաշրջանի նկատմամբ, որից հետո ավելի քան 100,000 հայեր լքել են տարածաշրջանը։»
ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի և 10 տարվա ժամկետով թողարկված ուղենշային պարտատոմսերի համատեքստում նախարարը հարց է բարձրացնում, թե ինչու է Հայաստանը մինչ այժմ ստանում BB- վարկանիշ S&P և Fitch վարկանիշային կազմակերպություններից՝ նշելով, որ Հայաստանի սփրեդը հավասար է Ռումինիայի սփրեդին, որը Fitch-ից ստացել է BBB- վարկանիշ։
Fitch-ը հունվարին վերահաստատել է Հայաստանի վարկանիշը՝ շեշտադրելով համադրելի այլ երկրների համեմատ բյուջեի ավելի բարձր դեֆիցիտը, ֆինանսական ոլորտի բարձր դոլարիզացիան և աշխարհաքաղաքական ռիսկերը։
Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանը կանխատեսում է 5.1% տնտեսական աճ այս տարի՝ գերազանցելով Ասիական զարգացման բանկի 5% և Արժույթի միջազգային հիմնադրամի 4.5% կանխատեսումները։ Նրա խոսքով՝ ֆինանսական հատվածը տնտեսության հիմնական աճող ուղղություններից մեկն է։ KPMG ընկերության նախորդ տարվա վերջում ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի հունիսին նախորդող 12 ամիսների ընթացքում բանկային ակտիվները աճել են 15.6%-ով՝ 2023 թվականի հունիսին գրանցված 16% տարեկան աճից հետո։
Արդյունաբերություն
Նախարարը նաև նշել է տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր ավելացված արժեք ունեցող մշակող արդյունաբերության ոլորտների զարգացումը՝ որպես երկրի տնտեսական աճի նոր դարաշրջանի մեկնարկի խթաններ։
«Հայաստանում Nvidia-ի նման տեխնոլոգիական ընկերությունների մեծ ներհոսք կա։ Մենք շատ ուժեղ ենք չիպերի նախագծման ոլորտում», - ասել է նա։
Nvidia-ն՝ աշխարհում կիսահաղորդիչ արտադրող ամենախոշոր ընկերությունը, 2022 թվականին Երևանում հիմնել է իր հետազոտական կենտրոնը։ Իսկ հնդկական Levi Semiconductor ընկերությունը անցյալ տարի ստորագրել է համաձայնագիր՝ Հայաստանում բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաներ արտադրող առաջին գործարանի ստեղծման մասին:
Հայաստանում ներդրվել են մի շարք հարկային արտոնություններ՝ ստարտափներին գրավելու և ՏՏ ընկերությունների կողմից աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով։
«Մենք ունենք աջակցության ծրագիր, ըստ որի՝ այն ընկերությունները, որոնք արտադրում են բարձր բարդություն ունեցող ապրանքներ, կարող են վերադարձ ստանալ կատարված կապիտալ ծախսերի՝ մինչև 35%-ի չափով։ Կարծում եմ՝ սա շատ գրավիչ և միաժամանակ համարձակ խթան է», — ասում է Հովհաննիսյանը։
Ակնկալվում է, որ տարվա ավարտին կգործարկվի Ամուլսարի ոսկու հանքը, ինչը երկրի համար կստեղծի եկամտի նոր աղբյուր։ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ հանքի արտադրանքը կարող է մինչև 0.5%-ով ավելացնել երկրի ՀՆԱ-ն։
Թեև ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր կսահմանի կիսահաղորդիչների ներմուծման վրա, Հայաստանի արտահանման ապրանքների նկատմամբ կիրառվելու են միայն 10% մաքսատուրքեր՝ սահմանված 2025 թվականի ապրիլի սկզբին՝ նոր մաքսային քաղաքականության շրջանակում։
Հոդվածի բնօրինակը հասանելի է հետևյալ հղումով: