ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումներ են ունեցել ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի (НИФИ) ներկայացուցիչների և ՌԴ ֆինանսների նախարարության գործընկերների հետ:
Այցի ընթացքում քննարկվել են տնտեսության իրական հատվածի ցուցանիշների կարճաժամկետ կանխատեսումների (Nowcasting) համակարգի, ինչպես նաև հարկաբյուջետային ռիսկերի գնահատման համակարգի մշակման շրջանակներում կատարված աշխատանքները:
Փորձի փոխանակման ընթացքում հանդիպումներ են անցկացվել ՌԴ ֆինանսների նախարարության բյուջետային քաղաքականության և ռազմավարական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Եվգենի Դոմբրովսկու և մակրոտնտեսական քաղաքականության բաժնի պետ Իրինա Գոպտայի հետ: Քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում դեռևս մշակման փուլում գտնվող մակրոտնտեսական ցուցանիշների միջնաժամկետ կանխատեսման կիսակառուցվածքային մոդելի (Semi-Structural Gap Model/SSGM) առանձնահատկությունները, ինչպես նաև ՌԴ ֆինանսների նախարարությունում նախատեսվող մոդելային համակարգի զարգացման ուղղությունների առանձնահատկությունները: