Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1164-Ն որոշման համաձայն: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հայտատուները ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հայտը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 600 000 000 ՀՀ դրամ: Հայտատուն ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005162616 հաշվեհամարին վճարում է 600 000 000 ՀՀ դրամ և կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:
Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-368 հեռախոսահամարով