ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Նախարար Վահե Հովհաննիսյանն իր զեկույցում անդրադարձել է նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվության մի շարք առանցքային ցուցանիշներին: Նախարարը մասնավորապես ընդգծել է, որ 2022 թվականին գրանցվել է 12.6% տնտեսական աճ: Նախորդ տարվա բյուջեի եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379.3 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով:
2022 թվականի պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1 տրլն 926 մլրդ դրամ (հարկային եկամուտներ և պետական տուրքեր), ինչի արդյունքում 104.4 տոկոսով ապահովվել է օրենքով հաստատված ցուցանիշը:
Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը՝ Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս ոլորտում գործադրված ջանքերը թույլ են տվել ապահովել ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում, ինչի արդյունքում բյուջեով պլանավորված ՀՆԱ-ի նկատմամբ 3 տոկոս պակասուրդը տարվա ընթացքում վերանայվել է և փաստացի կազմել 2.1 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2.5 տոկոսային կետով:
Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն նվազել է՝ կազմելով 46.7%՝ կանխատեսված 60.2%-ի փոխարեն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 13.6 տոկոսային կետով:
ՀՀ կառավարության պարտքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,969.7 մլրդ դրամ (10,086.4 մլն ԱՄՆ դոլար): Կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ: