Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին
26.09.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Իր ելույթի շրջանակներում նախարարը նշել է, որ 2025 թվականի պետական բյուջեի մասին Օրենքում կառավարության ուղերձում վերանայվել են 2025-2027 թվականների ՄԺԾԾ-ով սահմանված մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակները: «Նախկինում վերանայումները վերաբերում էին միայն առաջիկա բյուջետային տարվա հարկաբյուջետային շրջանակներին: Այս նորամուծությունը հնարավորություն կտա ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեն քննարկել և հաստատել միջնաժամկետ զարգացումների և ֆիսկալ հնարավորությունների համատեքստում», - նշել է Վահե Հովհաննիսյանը

Առանցքային փոփոխությունները ներկայացնելուց հետո նախարարն անդրադարձել է հիմնական ֆինանսական ցուցանիշներին. «2025 թվականի ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրլն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5.6%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3.5%, միջին գնաճը՝ 3.5%: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 760 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ 0.1, իսկ 2024 թվականի սպասողականի համեմատ՝ 0.7 տոկոսային կետով` հասնելով կառավարության ծրագրով սահմանված 25% թիրախի: Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 482 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 749 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733 մլրդ դրամ, ընդ որում՝ նախատեսվում է իրականացնել պատմական մակարդակներից զգալիորեն բարձր մակարդակի կապիտալ ծախսեր՝ ուղղված տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդմանը»

Ամփոփելով իր խոսքը՝ Վահե Հովհաննիսյանը հստակեցրել է, որ պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ: Նախարարը նշել է, որ 2025 թվականի հարկաբյուջետային շրջանակը կառուցվել է պետական բյուջեի կապիտալ ծախսերի բարձր մակարդակի սահմանմամբ: Վերջինիս ազդեցությունը իր վրա կրում է պետական բյուջեի պակասուրդը, որն աճում է մինչև 5.5%-ի 2025 թվականին՝ այնուհետև միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 3% մակարդակի: Արդյունքում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5 տոկոս:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից կազմակերպված «Հայաստան՝ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով ֆորումին

Երևանում ընթացող Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարեկան ժողովի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված Սևծովյան տարածաշրջանի փոքր...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...