Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կարեն Բրուտյանը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ
29.03.2019
Կարեն Բրուտյանը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ

Մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Քննարկվել են «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի 2 թիրախային ոլորտներից բխող ուղեցույցները, որոնք,  մասնավորապես,  վերաբերում են «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռք բերվող ապրանքների ծառայությունների և աշխատանքների նկատմամբ էներգաարդյունավետության պահանջների կիրառմանը և  պարզեցված (քաղաքացու) բյուջեի մշակման մեխանիզմներին:

Հանդիպման առաջին մասում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկայացնելով էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցը, նշել են, որ նպատակն է լրացնել «Գնումների մասին» օրենքի և էներգախնայողության ոլորտում գործող օրենսդրական դաշտերի փոխգործակցության վերաբերյալ իրազեկվածության և մեթոդական ցուցումների բացը:

Կարեն Բրուտյանը նշել է, որ ֆինանսների նախարարությունը իր աջակցությունն է հայտնում այս ուղեցույցի գործնական կիրառման հարցում, քանի որ այն հնարավորություն կտա նաև էներգախնայողության միջոցով կրճատել էներգիային ուղղված ծախսերը:

Ըստ նրա՝ ուղեցույցի արդյունավետությունը պետք է գնահատվի համապատասխան մարմինների հետ համագործակցության միջոցով, որին պատրաստ է աջակցել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը:  

Հանդիպման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել  քաղաքացու բյուջեի կազմմանը, որի նպատակն է հասարակության համար ծախսերի, եկամուտների և դեֆիցիտի մասով պետական բյուջեն ավելի հասկանալի դարձնելը:

«Պարզեցված բյուջեի էությունն այն է, որ հասարակության լայն շերտերը ներգրավված լինեն բյուջետային գործընթացի մեջ: Գլխավոր հասցեատերը պետք է լինեն քաղաքացին և նրա սպասելիքները», - ասել է Բրուտյանը և հավելել, որ յուրաքանչյուր տարի բյուջետային քննարկումների ժամանակ պետք է կարևորվի նաև ՀԿ-ների մասնակցությունը:

Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ նախորդ տարի ներդրվել է ծրագրային բյուջետավորման համակարգը, որի միջոցով փորձ է արվում բյուջեն միայն ֆինանսական փաստաթղթից վերածել նպատակների, արդյունքների փաստաթղթի: Ըստ Բրուտյանի՝ այս ամենը միտված է նրան, որ ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված ինֆորմացիան լինի հիմնավոր, ամբողջական և թիրախային, դրա կազմման գործընթացը տեսանելի լինի քաղհասարակության ներկայացուցիչների համար:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով՝ պարզեցված բյուջեն պետք է լինի համակարգային, իսկ նրա կառուցվածքը՝ քաղաքացու համար օգտակար և արդյունավետ:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ուղեցույցներն էլ քննարկել համապատասխան նախարարությունների հետ: Ինչպես նաև կարևորվել է ՀԿ-ների մասնակցությունը 2020 թվականի բյուջետային գործընթացին, որն էլ հիմք կհանդիսանա տարբեր ոլորտների բյուջետային հայտերի հանրային քննարկումների արդյունավետ կազմակերպման համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: