Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
08.12.2021
Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Ստորեւ ներկայացնում ենք Ֆինանսների նախարարի ելույթի սեղմագիրը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Քննարկման է ներկայացվել 2022 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագիծը, որում՝

- բյուջեի եկամուտները կազմում են 1,947.8 մլրդ դրամ,

- բյուջեի ծախսերը կազմում են 2,184.0 մլրդ դրամ,

- բյուջեի դեֆիցիտը կազմում է 236.2 մլրդ դրամ:

Բացի նշված ծախսերը 2022թ. պետական բյուջեի առաջնահերթությունների հավելվածում ներառվել են 85,556 մլն դրամ ընդհանուր արժեքով լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե բյուջեի եկամուտները գերազանցեն նախագծով սահմանված չափը կամ նախատեսված ծախսերի մի մասն իրականացվեն սահմանվածից պակաս չափով:  

Երեք շաբաթ առաջ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ԱԺ-ում ներկայացնելուց հետո նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում փոփոխություններն ունեցել են մի քանի պատճառ, որոնցից առաջինն օրենքով սահմանված՝ արտարժութային ծախսերի, եկամուտների և ֆինանսավորման աղբյուրների դրամային մեծության վերահաշվարկումն է ս.թ. նոյեմբերի 1-ի փոխարժեքով.

Ընդհանուր առմամբ, բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1,548.3 մլն դրամ, որից՝ հարկային եկամուտներն ավելացել են 82.8 մլն դրամով՝ պայմանավորված վարկային նոր ծրագրերի ծավալին համապատասխան հաշվարկված լրացուցիչ հարկային եկամուտներով, այլ եկամուտները նվազել են 42.8 մլն դրամով, պայմանավորված՝ փոխարժեքային վերահաշվարկով, պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1,508.4 մլն դրամով, ինչը ձևավորվել է մի կողմից փոխարժեքային վերահաշվարկների, և մյուս կողմից՝ ԵՄ դրամաշնորհային աջակցության ավելացման արդյունքում: Վերջինս ուղեկցելու է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում նոր ավտոբուսների ձեռքբերման ծրագրի իրականացման վարկային ծրագրին:

Փոփոխությունների արդյունքում պետական բյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5,187.9 մլն դրամով, որից՝

Փոխարժեքի գծով վերահաշվարկի հետևանքով միջոցառումների արժեքները նվազել են 6,331.4 մլն դրամով,

Բյուջետային գլխավոր կարգադրիչների կողմից ներկայացված լրացուցիչ առաջարկությունների արդյունքում ծախսային ավելացումները կազմել են 1,143.4 մլն դրամ:

Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը նվազել է 6,736.3 մլն դրամ չափով:

Թերևս տեղին է, որպեսզի ևս մեկ անգամ հակիրճ ներկայացնեմ այն հիմնական կետերը, որոնք բնորոշում են 2022 թվականի բյուջեի առանձնահատկությունները.

1. 2022թ. պետական բյուջեի ծրագրերի հիմքում ընկած են հետևյալ հիմնական մոտեցումները.

2. 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է բարդ ժամանակահատվածում. դեռևս ամբողջովին հաղթահարված չեն 2020 թվականին արձանագրված երկու մարտահրավերների՝ կորոնավիրուսի համավարակի և արցախյան պատերազմի անվտանգային, սոցիալական և տնտեսական հետևանքները: Չնայած դրան, այդպիսի բարդ պայմաններում մեզ հաջողվել է կառավարել այն հիմնական ռիսկերը, որոնք կարող են խոչընդոտել հետագա տնտեսական զարգացմանը: Կարևոր է այն փաստը, որ Կառավարությանը հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունություն, ինչի շնորհիվ, 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվեց տնտեսության վերականգնման բավականին բարձր տեմպ՝ 5% չափով: Գնահատում ենք, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ և հուսալի հիմք կդառնա 2022 թվականի համար ծրագրված տնտեսական աճի համար:

3. Այս խնդիրների լուծումը պետք է հիմքեր ստեղծի ինչպես 2022թ., այնպես էլ՝ հաջորդ տարիների բարձր տնտեսական աճի և դրա արդյունքում՝ ավելացող հարկային վճարումների համար: 2023 և հաջորդող տարիներին հարկային եկամուտների աճը նոր հնարավորություններ կստեղծի կարևորագույն նշանակության առողջապահական, սոցիալական և մեր հանրային կյանքի այլ առաջնային հարցերի կարգավորմանն ուղղված ծրագրերի բյուջետային ֆինասավորման ավելացման համար:

4. 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է Հայաստանի կառավարության 2021-2026 ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ՝ հատուկ կարևորելով անվտանգային հարցերի, կրթական համակարգերի, ինչպես նաև՝ ներառական և որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը.

Ստեղծել տնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար և կայուն պայմաններ կստեղծեն 7% տնտեսական աճի համար.

Տնտեսական տարբեր ծրագրերով, և հատկապես՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կապիտալ բնույթի ծախսային ծրագրերով նպաստել բարձր տնտեսական ակտիվությանը՝ միաժամանակ բարձրացնելով տնտեսական աճի երկարաժամկետ պոտենցիալը: 2022-ի համար պետական բյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 352 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.5%-ը: Նշվածից բացի, համայնքներին կհատկացվեն մոտ 18.4 մլրդ դրամ գումարով կապիտալ նշանակության սուբվենցիաներ՝ համայնքային նշանակության ենթակառուցվածքային ծրագրերի համաֆինանսավորման նպատակով.

Իրականացնել 2,184 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծախսեր, ինչը մոտ 184 մլրդ դրամով կամ 9%-ով ավելին է, քան 2021-ի ճշտված ծախսային բյուջեն, կամ 334 մլրդ դրամով ավելի, քան տարվա համար հաստատվածը:

Բյուջետային ծախսերի կառուցվածքը համապատասխանեցնել միջնաժամկետ ֆինանսավորման սեփական հնարավորություններին: Ընթացիկ ծախսերը սահմանափակել պետական բյուջեի հարկային եկամուտների չափով, իսկ ներգրավված պարտքային միջոցները բացառապես ծախսել զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով.

Շնորհիվ հարկային եկամուտների ավելացման, ծախսերի կառավարման կանոնների վերականգնման, ինչպես նաև՝ բյուջետային դեֆիցիտի անվտանգ չափի (ՀՆԱ-ի 3.0%), 2022-ին իրականացնել նկատելի ֆիսկալ կոնսոլիդացիա և զգալիորեն բարելավել կառավարության պարտքի կառավարման հարցերը.

2020-ին արձանագրված՝ ՀՆԱ-ի նկատմամբ 63.5% մակարդակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2% մակարդակին մոտ: Էապես կբարելավվի պարտքի կառուցվածքը` դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը, ինչպես նաև կնվազեցվեն արտարժութային ռիսկերը:

2022թ. ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերը կկազմեն 27.7%: Ընթացիկ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 23.2%-ը: Կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 4.5%-ը, ինչն այս տարվա համար սպասվող 3.2%-ից ավելի է 1.3 տոկոսային կետով: Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի աճը լինելու է աննախադեպ բարձր և թույլ կտա հետագա տարիների համար ստեղծել տնտեսական աճի պոտենցիալը բարձրացնելու կայուն հիմքեր:

2022-ին ՏԿԵՆ կապիտալ ծախսերը կազմելու են 149 մլրդ դրամ, կամ 2021-ի ճշտված բյուջեից 61.8%-ով ավելի, ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծախսերը կազմելու են մոտ 33 մլրդ դրամ կամ 3.6 անգամ ավելի, քան 2021թ ճշտված բյուջեն, Առողջապահության նախարարության կապիտալ ծախսերը՝ 7.2 մլրդ դրամ կամ 2.1 անգամ ավելի, քան 2021թ ճշտված բյուջեն և այլն.

Պետական բյուջեի եկամուտները. 2022 թ. պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 1,946 մլրդ դրամ չափով, ինչը 2021-ի նկատմամբ ավելի է 289 մլրդ դրամով կամ 17.5%-ով: Բյուջեի եկամուտները կկազմեն 2022-ի ՀՆԱ-ի 24.7%-ը: Եկամուտների գերակշիռ մասը՝ մոտ 95%-ը կձևավորվեն հարկային վճարումներից:

Հարկային եկամուտների ավելացումը երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության հիմնարար հարցերից է: Կառավարության ծրագրով սահմանված է, որ հնգամյա ժամանակահատվածում հարկային եկամուտների ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 25%-ի: 2021-ի սպասվող ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 22.5%-ը: Հաջորդ հինգ տարիների ընթացքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշի կբարելավվի 2.5 տոկոսային կետով:

2022-ին հարկային եկամուտների աճի ցուցանիշը նախատեսում ենք բարելավել ավելի մեծ չափով, քան միջին տարեկան ծրագրային աճի ցուցանիշն է: Պետական բյուջեի նախագծով կանխատեսվում են 1,844 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչը 263 մլրդ դրամով կամ 16.5%-ով ավելին է, քան 2021-ին սպասվող հարկային եկամուտներն են: Հարկային եկամուտները 2022-ին կհասնեն ՀՆԱ-ի 23.4%-ին, ինչը 2021-ի մակարդակը կգերազանցի 0.9 տոկոսային կետով:

2021-ի համեմատությամբ հարկային եկամուտների աճի մոտ 0.4 տոկոսային կետը նախատեսվում է ապահովել հարկային օրենսդրության փոփոխությունների, այդ թվում՝ մետաղական խտանյութերի համար սահմանված պետական տուրքերի հաշվին, իսկ մնացած 0.5 տոկոսային կետը՝ հարկային վարչարարության բարելավման շնորհիվ: Կարևոր է նշել, որ վարչարարության բարելավման հաշվին հարկային եկամուտների ավելացումն ունի մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հետևանք, ինչը ստվերային տնտեսության կրճատումն ու տնտեսական գործունեության պայմանների հավասարության արմատավորումն է.

Դեֆիցիտի կանխատեսվող մեծությունը. 2022-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 236 մլրդ դրամ, իսկ զուտ փոխառու միջոցների մեծությունը՝ 356 մլրդ դրամ: Զուտ փոխառու միջոցները 250 մլրդ դրամի չափով կլրացվեն գանձապետական պարտատոմսերի և 106 մլրդ դրամ՝ արտաքին բյուջետային աջակցության վարկերի հաշվին:

5. Պետական պարտքի կանխատեսվող չափը. 2022-ի ավարտին կառավարության պարտքի չափը կկազմի 4741 մլրդ դրամ, ինչը հաջորդ տարվա ՀՆԱ-ի 60.2%-ն է (2020-ին 63.5%, իսկ 2021-ին՝ 60.8%): Ընդ որում, պարտքի ընդհանուր գումարի 69%-ը կկազմի արտաքին պարտքը, իսկ 31%-ը՝ ներքին պարտքը: Հատկանշական է, որ 2021 իրականացվող և 2022-ին զգալի չափով իրագործված կլինի կառավարության ծրագրով ամրագրված՝ պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի տեսակարար կշռի ավելացման քաղաքականությունը: 2020թ, փաստացի 25.4%-ի փոխարեն, ներքին պարտքն արդեն այս տարվա արդյունքներով կգերազանցի 28%-ը, իսկ 2022-ին կհասնի ընդհանուր պարտքի 31%-ին.

6. Պարտքի սպասարկումը. 2022թ. կառավարության պարտքի սպասարկման տարեկան ծախսը պլանավորված է 214 մլրդ դրամի չափով: 2022-ին պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն բյուջեի ծախսերի 9.8%-ը կամ ՀՆԱ-ի 2.7%-ը: Պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 5.1%:  

7. Պարտքի կայունությունը և կառավարության վարկունակությունը. Կառավարության պարտքի հուսալի կառավարումը մակրոտնտեսական քաղաքականության հիմնարար հարցերից է: Կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագիրը կառավարության պարտքի չափի համար թիրախավորել է ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ը չգերազանցող չափը:

8. Բյուջեի ռիսկերը և դրանց կառավարումը. Էական կարող են լինել հետևյալ ռիսկերի կառավարման արդյունավետության հարցերը.

Արտաքին տնտեսական միջավայրը, այդ թվում՝ մետաղների միջազգային գների կտրուկ փոփոխությունները.

Կորոնավիրուսի համավարակի կառավարումը և հետևանքների հաղթահարումը. Միջազգային շրջանակներում ավելի շատ են այնպիսի տեսակետները, որոնք վկայում են համավարակի հետևանքների շարունակականության հետ կապված նոր մարտահրավերների մասին:

2022-ին ավելացված կապիտալ ծախսերի կատարողականի բարելավումը: Հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված չափերը զգալի բարձր են պատմական ցուցանիշներից: Նշված բարձր ցուցանիշներով կապիտալ ծախսերի իրականացումը պահանջում է այդ գործընթացների կառավարման առանձնահատուկ ջանքեր և հետևողականություն.

9. 2022թ. շարունակվելու է բարձրացվել իրականացվող ծրագրերի և դրանց համար հատկացվող ծախսերի արդյունավետությունը: Այդ աշխատանքները ներառում են ծախսային ծրագրերի բովանդակությունը բարելավելու, այդ ծրագրերի իրականացման մեխանիզմները հստակեցնելու և նախատեսված ֆինանսական միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու հարցերը:

Իսկ հիմա անհրաժեշտ է, որ պարզաբանեմ նաև, թե ինչու բյուջեի լրամշակված տարբերակում տեղ չեն գտել պատգամավորների կողմից այս ժամանակահատվածում ներկայացված՝ ծախսային մեծ կամ փոքր չափով ավելացումներ ենթադրող առաջարկությունները: Ես կանդրադառնամ միայն ընդհանրական պատճառներին, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր առաջարկության վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ ներկայացված են ամփոփաթերթում:

Առաջինը վերաբերում է սոցիալական ոլորտում կտրուկ ծախսային ավելացումներին: Օրինակ, ստացել ենք այնպիսի առաջարկություն, որի լուծման համար կպահանջվեր 2022թ. պետական բյուջեում կենսաթոշակներին ուղղվող ծախսերն ավելացնել 200 մլրդ դրամով: Շատ հասկանալի է, որ այս տարվա ընթացքում արձանագրված գնաճը, որը զգալի չափով պայմանավորված էր նաև միջազգային շուկաներում հիմնական սպառման ապրանքների գների ավելացմամբ, ազդել է մեր բնակչության գնողունակության վրա: Ակնհայտ է նաև, որ այդ փաստը պահանջում է, որ առաջիկայում միջոցներ գտնենք կենսաթոշակների ավելացման համար, ինչը և նախատեսված է Կառավարության ծրագրով: Մենք նախատեսում ենք նշված խնդրի լուծման մեր մոտեցումները ներառել արդեն իսկ 2023-2025թթ. միջնաժամկետ ծրագրում և սահմանել կենսաթոշակների ու սոցիալական նպաստների ավելացման այն սցենարը, որն առաջիկա տարիներին լուծելու է այդ խնդիրը:

Երկրորդ խումբ առաջարկությունները վերաբերում են սոցիալական նշանակության այլ ծրագրերի ֆինանսավորումների ավելացումներին կամ նորերի համար ֆինանսական միջոցների հատկացմանը: Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր դեպքում ֆինանսական միջոցների ավելացումը քննարկվի նախ և առաջ այն արդյունքների տեսանկյունից, որոնք պետք է ի հայտ գան այդպիսի ծախսային ավելացումներից: Դրա քննարկման լավ հնարավորությունը 2023 թվականի պետական բյուջեի քննարկումների գործընթացն է, որը մենք նախատեսում ենք սկսել մի քանի ամսից:

Երրորդ խումբ հարցերը դպրոցների, մանկապարտեզների կամ մարզադպրոցների հիմնանորոգման կամ կառուցման համար ֆինանսական միջոցների հատկացմանն են վերաբերում: Թվարկվածները անելիքներ են, որոնք չափազանց կարևորվում են նաև կառավարության ծրագրով և դրանց ֆինանսավորման համար զգալի ֆինանսական միջոցներ հատկացված են արդեն իսկ 2022թ. պետական բյուջեի մասին օրենքի ձեզ ներկայացված նախագծով: Մեր մոտեցումն այս հարցում այն է, որ ստացված առաջարկությունները այս տարվա ընթացքում համադրվեն մեր հանրապետությունում համանման իրավիճակում գտնվող և հրատապ լուծում պահանջողների հետ և ընտրվածները ներառվեն արդեն իսկ 2023-ի պետական բյուջեում: Հնարավոր է նաև, որ քննարկումների արդյունքում որոշումներ կկայացվեն արդեն իսկ առաջիկա ամիսների ընթացքում և դրանց մի մասի համար կձեռնարկվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ, որպեսզի արդեն հաջորդ տարում արձանագրենք նորոգման աշխատանքների շոշափելի առաջընթաց:

Հետևաբար, բոլոր թվարկված դեպքերում մեր մոտեցումը եղել է ոչ թե ստացված առաջարկությունների մերժումը, այլ՝ դրանց իրագործման այնպիսի եղանակը, որը անելիքները դասակարգում է առաջնահերթ հաջորդականությամբ:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)