ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018թ. փոխառությունների ծրագիրը և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության կողմից կառավարության պարտքի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական օժանդակության արդյունքները:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ այս տարվա ընթացքում նախարարության կողմից փորձ է արվել պետական պարտքը կարգավորող օրենսդրությունը դարձնել ավելի ճշգրիտ և արդյունավետ` պարտքի շուկան կայունացնելու և կառավարման մեխանիզմները բարելավելու համար: «Պետք է փաստենք, որ տարածաշրջանում, ԱՊՀ երկրների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրների շարքում մենք պարտքի կառավարման տեսանկյունից գտնվում ենք բավականին լավ դիքերում», - ասել է նախարարը:
«2018 թվականի փոխառությունների ծրագիր» զեկույցի շրջանակներում ներկայացվել են ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները, ներքին աղբյուրներից բյուջեի պակասուրդի ֆինանսավորման գործիքակազմը, տվյալներ 2018 թվականին նախատեսվող նոր ուղենշային պարտատոմսերի թողարկումների և պետական գանձապետական պարտատոմսերով նախատեսվող գործառնությունների վերաբերյալ, պետական գանձապետական պարտատոմսերի կառուցվածքը 2017 թվականին, ինչպես նաև արտաքին փոխառությունների գծով գործառնությունները, վարկերի գծով նոր փոխառությունների կառուցվածքը և ՀՀ կառավարության պարտքի մարման գրաֆիկը: Ըստ ներկայացված տվյալների՝ ՀՀ փաստացի պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2.631 մլրդ, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխատեսվում է 2.992 մլրդ, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3.173 մլրդ դրամ:
«Աջակցություն ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչությանը» զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության կողմից տեխնիկական աջակցության կազմակերպմանն ու պահանջներին, ծրագրի իրականացման արդյունքներին: Տեխնիկական աջակցության պահանջների բաղադրիչներն են՝ պետական պարտքի կառավարման գործառնությունների իրավական դաշտի վերանայումը, ներքին պարտքի շուկայի զարգացումը, միջին գրասենյակի կարողությունների զարգացումը: