Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Սարգսյան Դավիթ

09.05.2013թ.-26.04.2014թ.

Սարգսյան Դավիթ Ռաֆայելի 

Ծնվել է 1977թ.-ի հուլիսի 14-ին Երևանում:

1994-1999թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 1999-2002 թվականներին` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում:

1997-1998թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչությունում` որպես առաջատար մասնագետ, ապա 1998-1999թթ.`որպես գլխավոր մասնագետ՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաքին պետական պարտքի վարչությունում: 1999-2002 թթ. եղել է Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ: 2001-2003թթ. եղել է Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհրդի տնօրենի տեղակալը: 2002թ. աշխատել է Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչությունում` որպես բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ: 2002-2006թթ. զբաղեցրել է Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետի պաշտոնը: 2003-2008թթ. դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում: 2004-2007թթ. հանդիսացել է Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խմբի քարտուղարը: 2006-2008թթ. աշխատել է որպես Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ: 2008-2013 թվականներին եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար:

Նրա հեղինակմամբ է ներդրվել կառավարության էլեկտրոնային կառավարման համակարգը 15 բաղադրիչներով՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից մինչև բիզնեսի գրանցում 15 րոպեում ՝ մեկ պատուհանի սկզբունքով: Նախաձեռնած բարեփոխումների արդյունքում նաև շեշտակի բարելավվել է պետական մարմինների թափանցիկության մակարդակը, ինչի շնորհիվ Հայաստանը դարձել է առաջին երկիրը, որն առցանց՝ ինտերակտիվ բյուջեի միջոցով, ամեն օր բոլորին հասանելի է դարձնում պետության կատարած ծախսերը:

2013-2014թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարար:

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, հեղինակել է մի շարք հոդվածներ: 2013թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացու անվան մեդալով, իսկ 2014թ.՝ ՀՀ վարչապետի հուշանվերով: