Փետրվարի 18-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի հերթական նիստը առցանց ձևաչափով:
Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդի նախագահ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է եկամուտների քաղաքականությանը վերաբերող հարցերը խորհրդի շրջանակում քննարկելու անհրաժեշտությունը: Նախարարը, վկայակոչելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի հիմնական սկզբունքներից մեկը, ընդգծել է, որ հարկային քաղաքականության մեջ ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս անհրաժեշտ է հաշվի է առնել դրա ազդեցությունը բիզնես միջավայրի և դրա մրցունակության վրա:
Նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է հարկային բարեփոխումների հիմնական նպատակադրումները, այդ թվում՝ հարկային եկամուտների կառուցվածքը և հարկային ծախսերը, կապիտալի շուկայի զարգացման նպատակով հարկման կարգավորումները և այլն:
Նիստի մասնակիցները հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակել քննարկումները՝ գնահատելով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը: